Նիկոլ Փաշինյան չարիքի ձեռքով Արցախը հայտնվել է սոցիալական եւ անվտանգային աննախադեպ ծանր իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախի բյուջեի թիվն աճել է, որը պայմանավորված է վերջին երկու տարիներին ՀՀ կառավարության կողմից ֆինանսական աջակցությունով։ Ըստ Փաշինյանի՝ դա հիմնավորում է այն, որ Հայաստանը «ձեռքերը չի լվացել» Արցախից։

«Այդ մանկամիտը նախ պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչու է Արցախն այսօր այդքան սոցիալական ծրագրերի կարիք զգում, որ մի հատ էլ այդ գումարը դրոշակ սարքի ու ծածանի ամբողջ հայ ազգի գլխին որ՝ տեսեք, ես Արցախին աննախադեպ օգնություններ եմ տրամադրում։ Այդ գումարը Նիկոլ Փաշինյանի հոր ժառանգությունը չի, դա հայության հարկերից գոյացած գումարներն են։ Նիկոլ Փաշինյանը հենց գումարներից է խոսում, նա փորձում է ավելի խորը սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջեւ»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը. «Եթե նա Արցախի անվտանգությունը պայմանավորում է իր ստորագրությամբ, ապա Նիկոլ Փաշինյանի ստորագրությանն անգամ ինքը չի վստահում, ինչ մնաց Արցախի բնակչությունը վստահի խաղաղության փաստաթղթին»։

Նշենք, որ Ազգային ժողովում երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 1998 թվականին բանակցային սեղանին է հայտնվել տարածքների փոխանակման փաթեթը, որի էությունն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։ Փաշինյանի տեսանկյունից՝ այդ տարբերակը քննարկելու Երեւանի համաձայնությունը, ըստ էության, նշանակում էր, որ Հայաստանը, թերեւս այն ժամանակ, ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։

«Երբ նա ասում էր՝ բանակցությունները սկսում է զրոյական կետից, ապա ինչու է հետ դառնում եւ ինչ-որ թվականների փաստաթղթեր, որոնք ասում է ասելու համար եւ չկա որեւէ ապացույց։ Եթե զրոյական կետից է սկսել եւ մեզ հասցրել նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի առաջ, ապա ինչու է նա արծարծում մինչեւ իր զրոյական կետը որեւէ բանակցություն։ Փաշինյանը սկսել է զրոյական կետից, եւ այդ բոլոր բանակցությունները զրոյացրել է»,- ասաց Դավիթ Գալստյանը։