Իշխանությունները հերքում են, որ Ադրբեջանին Հայաստանի տարածքներ են զիջվել։
Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե չի հիշում, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի (Շուռնուխ, Որոտան) տարածքներ են զիջվել թշնամուն։ «Այդպիսի բան չի եղել»,- ասաց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնք հանգեցրին Հայաստանի ինքնիշխան տարածքների, այդ թվում՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածների եւ բնակավայրերի կորստին։
«Կա հանձնաժողով, որն աշխատում է։ Յուրաքանչյուր կառույց, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեն, աշխատում է իր լիազորությունների շրջանակներում։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության բոլոր կադաստրային քարտեզները։ Իսկ թե ինչի հիման վրա է իրականացվում սահմանային գործընթացների հետ կապված քարտեզների աշխատանքը, այդ հարցը կոմիտեի լիազորությունների մեջ չէ, այն իրավական դաշտում է։ Ցանկացած հարց պետք է լուծվի օրինական ճանապարհով. Այն քարտեզները, որոնք կորոշվեն, որ ունեն իրավական հիմքեր, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն համապատասխան հանձնարարականներով իր լիազորությունների շրջանակում աշխատանքներ կիրականացնի»,- ընդգծեց Սուրեն Թովմասյանը։











