Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին, որի ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին։ NEWS.am-ի հետ զրույցում քանդակագործն ասաց, որ հայ հասարակությունը միշտ էլ նորությունը համարել է խորթություն:

Գետիկ Բաղդասարյանի խոսքով՝ արձանի վերջնական տեսքը ստանալու համար դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն: Ինքը և ճարտարապետ Արմեն Օհանջանյանը ամեն բան անում են, որպեսզի արձանը իր յուրահատուկ տեսքով պատրաստ լինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրվելու համար:

«Փոքր ժամանակվանից շատ եմ սիրում Օհան Դուրյանին՝ իր կերպարով, մազերով, իր աշխույժ բնավորությամբ: Նա իսկապես արվեստագետ, մեծ մարդ էր: Ցավոք, իրեն չեմ ճանաչել, բայց փոքրուց սիրել եմ: Երբ ինքը արդեն չկար, պանթեոնում պետք է քանդակը արվեր: Ճարտարապետ Համլետ Խաչատրյանն ասաց՝ արի միասին քանդակը անենք: Եվ ես այն ժամանակ մեծ հաճույքով միացա գործին: Իսկ 100-ամյակի առիթով Դուրյանի կինը՝ տիկին Ալիսը, պատվիրեց, որ ես պատրաստեմ արձանը: Էն սերը, էն նվիրվածությունը Օհան Դուրյանի հանդեպ աշխատեցի հնարավորինս ցույց տալ այս քանդակով: Գլուխն է և երկու ձեռքը. դիրիժորին հենց դա է պետք: Քանդակը պետք է բռոնզ լինի, բազալտից սյուներ պետք է լինեն, իսկ այդ սյուների վրա է գլուխն ու ձեռքերը»,- ասաց Գետիկ Բաղդասարյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, որոնք հնչում են արձանի տեսքի վերաբերյալ, քանդակագործը ասաց՝ ավելի շատ խոսում են քանդակից չհասկացողները, քան հասկացողները:

«Ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց պետք է խորանալ, հասկանալ քանդակը: Սա շատ դժվար գործ է: Նույն ձևի Առնո Բաբաջանյանի արձանը չէին ընդունում, հետո սկսեցին կամաց-կամաց ընդունել: Նորությունը իրենց համար խորթություն է»,- ասաց Բաղդասարյանը: