Ակնհայտ է, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունները իշխանությունը զավթելու մասին էին։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությանը։

«Ջհանգիրյանը հայտարարում է, որ կատարում է մեկ մարդու ցուցում՝ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն դատական իշխանությունը զավթվում է քաղաքական իշխանության եւ նրա կամակատար անձանց կողմից»,- նշեց նա։

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այդ ձայնագրությունն անմիջապես պետք է դառնա քրեական գործ հարուցելու հիմք. «Դրանով բացահայտ առանձնապես ծանր հանցագործությունների մասին վկայություններ են։ Քաղաքական ակնհայտ լկտի բառապաշարով ու արտահայտություններով Ջհանգիրյանը բացահայտում է ներկա իշխանության եւ կամակատար իրավապահ համակարգի ձգտումները։ Ջհանգիրյանը պատրաստ է բոլոր տեսակի հանցագործությունների, միայն թե իշխանափոխություն չլինի»։

Մինասյանի խոսքով՝ իրենք գործ ունեն հանցագործ իշխանությունների հետ. «Օր առաջ սրանց հեռացումը կենսական անհրաժեշտություն է մեր պետության համար»։

Պատգամավորը պնդեց, որ Ջհանգիրյանն անմիջապես պետք է պաշտոնանկ արվի եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի։