Հայաստանում իշխանությունը զավթած մարդասպանների բանդան շարունակում է իր խուլիգանությունը եւ շարունակում է կյանքեր խլել։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ոստիկանության շենքի մոտ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Էս բանդիտիզմի անթաքույց խուլիգանությունը ընդամենը թույլատրված ամենաթողության հետեւանք է։ Էդ ամենաթողությունը թույլատրվում է, նույնիսկ չնկատելու են տալիս։ Էդ ամենաթողությունը թույլատրված է վերեւից եւ կոծկվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաեւ էս շենքում նստած ոստիկանապետ կոչեցյալի կողմից։ Այդ մարդն այդպես էլ Հայաստանի ոստիկանապետ չդարձավ։ Էդ մարդու ամենամեծ կոչումը եղել է Նիկոլի դասարանցի Վահեն լինելու կոչումը»,- ասաց Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանը թվարկեց մի քանի դեպքեր, որոնք առնչվում էին ՀՀ իշխանության հետ. «Մի քանի օր առաջ Նիկոլի քրեաօլիգարխ Գռզոյի եղբայրը Կենտրոնում կրակոցների պատմություն էր հորինել, թե ինչպես ՔՊ-ական մարզպետները իրենց կաբինետներ էին հրավիրում քաղաքացիներին ու ծեծի ենթարկում, չմոռանաք՝ ինչպես էր ՔՊ-ական մարզպետը ծեծի ենթարկել ՀՀ-ին ծառայող սպային, մարդասպան Նիկոլի ախրանիկները հղի կնոջը սպանեցին։ Էս դեպքերն ամենաթողության արդյունքն են»։