Այն կառույցը, որը տիրապետում է, թե ինչ վիճակի է հասել Հայաստանը, թե ինչպիսի ներքին եւ արտաքին անվտանգային խոցելի իրավիճակում է Հայաստանն ու Արցախը, այսպիսի կրավորական կեցվածք չպետք է ընդուներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա այն կառույցն է, որը գիտի՝ ինչ է տեղի ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի՝ ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին եւ տեղյակ է՝ ինչ է տեղի ունենում հետպատերազմյան ժամանակահատվածում։ Այս կառույցում նստած աշխատակիցները պետք է գիտակցեն, որ այս իշխանության որեւէ ծառայություն ունենալու է մի ելք, դուք բոլորդ գնալու Դավիթ Տոնոյանի, Կորյուն Փիլոյանի, բոլոր այն ԳՇ պետերի հետեւից, որոնք մտածել են, որ այս իշխանության հետ համագործակցելով ապահովում են իրենց աթոռը»,- ասաց պատգամավորը։

Ըստ պատգամավորի, ԱԱԾ-ն գիտակցելով Հայաստանում առկա իրավիճակը եւ ընդունելով կրավորական կեցվածք, քառակի է պատասխանատվություն կրելու ստեղծված իրավիճակի համար. «Դուք պետք է հիշեք, որ համազգեստ, կոչում կրող մարդիկ եք, դուք պարտավոր եք դրան հավատարիմ լինել, հավատարիմ լինել Հայաստանին եւ Արցախին»։