Նորարարություններից խուսափելն այսօր անհնար է։ Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին։ Թվայնացումը եւ նորարական լուծումների առկայությունը անհրաժեշտություն են նաև հարկային մարմինների հետ հարաբերություններում, որոնք այսօր Հայաստանում բավականին թվայնացված են, և արդեն երկար ժամանակ է, որ բոլոր հաշվետվություններն իրականացվում են էլեկտրոնային ճանապարհով, ասում է «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայության տնօրեն Կամո Կարապետյանը:
Այսօր մասնագետները չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե այդ համակարգը չլիներ, քանի որ դրա շնորհիվ աշխատանքն ավելի արդյունավետ է կազմակերպվում, արդյունավետ են կառավարվում ռեսուրսներ, հնարավոր է դառնում ապահովել կրկնակի վերահսկողություն: «Այսինքն` համակարգն ինքնին հնարավորություն է տալիս վերահսկել ինքդ քեզ: Դա հասարակ հաշվապահին, հարկային մասնագետի համար լրացուցիչ լծակ է, որն օգնում է: Բարեբախտաբար, մենք ընթանում ենք համաշխարհային տրենդներին համահունչ, ինչը շատ դրական ու ողջունելի է բոլորի համար»,-ասում է նա։
Թվայնացում, ռոբոտացում, արհեստական բանականություն. ի՞նչ ռիսկեր կան այստեղ
Հարկային համակարգերի թվայնացումը, ավտոմատացումը, արհեստական բանականության կիրառումը շարունակական գործընթաց է, եւ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունը, նաև պետությունը պարտավոր են համընթաց քայլել աշխարհի թրենդներին։ Իսկ ռիսկերից, թերևս, պետք է նշել ինֆորմացիայի արտահոսքի ռիսկը, ընդգծում է Կամո Կարապետյանը։
«Բիզնեսի համար կարեւոր է, որ իր մասին տեղեկությունը, որ ներկայացվում է էլեկտրոնային համակարգով ՊԵԿ, որևէ ձեւով չարտահոսի, չտարածվի: Բարեբախտաբար, ես չեմ լսել որեւէ նման դեպք: Ինձ թվում է, որ պետության կողմից պատշաճ համակարգերը դրված են, եւ այն, որ մինչեւ հիմա չենք լսել նմանատիպ որեւէ տեղեկատվության մասին, օրինակ X ընկերության աշխատավարձերի մասին տեղեկատվությունն արտահոսի, կարելի է ասել, որ ամեն ինչ պատշաճ է եւ ռիսկերը կառավարվում են ՊԵԿ-ի կողմից»,-ասում է նա և հավելում, որ Հայաստանն այս ոլորտում բավականին լավ դիրքերում է․ միջազգային փորձագետների կարծիքով Հայաստանի էլեկտրոնային, թվային համակարգերը բավականին լավն են։
Խնդիրները, որոնց ընկերությունը բախվում է հարկային համակարգում նորարարություններ կիրառելիս, առաջանում են ինֆորմացիայի աճի հետ կապված, ինչի պատճառով մի պահ համակարգը դանդաղ էր աշխատում, ընդհատումներով, ինչը սակայն հետագայում շտկվեց։«Սա ապրող գործընթաց է, անընդհատ պետք է զարգացնենք, ներդրումներ կատարենք, ինչը բավականին լուրջ ներդրումներ է պահանջում պետության կողմից: Դրանք իրականացնելու համար մենք կքայլենք համաշխարհային տրենդներին համընթաց: Ըստ էության, այսօր ունենք փաստ, որ մենք վատ վիճակում չենք, բավականին մրցունակ ենք, մեր մասնագետները բավականին արագ բարեփոխումներ են կատարում եւ ապահովում համակարգի նորմալ աշխատունակությունը»,- վստահեցնում էԿամո Կարապետյանը:
Համաշխարհային խաղացողների հետաքրքրությունը մեծացել է մեր ՏՏ ընկերությունների հանդեպ
Միաձուլումների եւ ձեռքբերումների գործարքներ (M&A) միշտեն եղել, պարզապես դրանց ծավալներն են փոքր եղել այսօրվա համեմատ։ «Դա մի բիզնեսի կողմից մեկ այլ բիզնեսի ձեռքբերում է տարբեր իրավական գործիքների կիրառմամբ: Նման բաներ Հայաստանում եղել են, բայց հիմա շատ ակտիվ է ՏՏ ոլորտը: Արագ ստեղծվում են նոր ընկերություններ, նոր գաղափարներ, դրանք դառնում են հետաքրքիր: ՏՏ ոլորտում աճով պայմանավորված համաշխարհային խաղացողների հետաքրքրությունն էլ է մեծանում, եւ բնականաբար, ավելի շատ են դիտարկում այդ ընկերությունները ձեռք բերելու հնարավորությունը: Չմոռանանք, որ մենք ունենք լուրջ տաղանդ, լավ ռեսուրս Հայաստանում, եւ դա հետաքրքիր է դրսի ընկերությունների համար: Այսօր ամեն ինչն է վերափոխվում: Դա է պատճառը, որ տրանզակցիաների քանակն ավելացել է»,- նշում է «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայության տնօրեն Կամո Կարապետյանը:
Արման Տոնիկյան











