Ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան եկող ֆինանսական այս մեծ ներհոսքի պայմաններում դժվար է որևէ կանխատեսում անել գնաճի վերաբերյալ, իսկ առհասարակ այս փուլում գնաճը դրսից եկած ֆենոմեն է, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ գնաճը պետք է իջնի։ Եվ եթե չլինեին ռուս–ուկրաինանական հակամարտության հետևանքով եկող այս հոսքերը, արդեն պետք է այդ հետագծի վրա լինեինք։ Հիմա այդ հետագիծը երկարում է։ Բնականաբար դա կախված է մի շարք գործոններից․ ինչքան Կենտրոնական բանկը գործողություններ կանի տոկոսադրույքի և փոխարժեքի ոլորտում, ինչքան Կառավարությունը գործողություններ կանի հարկերի հավաքման  և կապիտալ ծախսերի ոլորտում։ Մինչ այժմ Կենտրոնական բանկը շուկայից շուրջ 300 մլն դոլարի չափ գնումներ է արել, սակայն դա բավարար չի եղել հոսքը մեղմացնելու, ստերիլացնելու առումով, որովհետև ընդհանրապես կանգնեցնելու խնդիր չկա, լավ է, որ գալիս է, դանդաղեցնելու, կարգավորելու միգուցե խնդիր կա»,– ասաց նա։

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե օգոստոս–սեպտեմբեր ամիսներին ինչ որոշումներ կընդունվեն, որպեսզի մինչև տարվա վերջ ավելի հստակ կարելի լինի դատողություններ անել։ Եթե կապիտալ ներդրումների ծրագրերն սկսվեն կատարվել, եթե հարկերի հավաքագրումն ավելի մեծ լինի և միևնույն ժամանակ թիրախավորված օգնություն լինի այն տնտեսվարողներին, որոնք արտահանում են, հնարավոր է, որ որոշակի զարգացումներ լինեն։ «Բայց կանխատեսում ես այս պահին դժվարանում եմ անել»,– ասաց նա։

Տնտեսագետը նաև անդրադարձավ խնդրին, երբ առևտրային բանկերը դոլարի կանխիկացման դեպքում 3-5 տոկոս պահում են անում։ Նա չի կարծում, որ Կենտրոնական բանկի հրամանով է դա կարգավորել, սակայն գլխավոր դրամատունը կարող է որոշակի կարգավորումներ մտցրած լինի, որ որոշակի գործառնություններ պետք է արվեն ավելի մանրամասն գործընթացներ անցկացնելուց հետո, որովհետև ԿԲ-ի մտահոգությունների տիրույթում է, որ ֆինանսական որևէ կառույց չհայտնվի պատժամիջոցների տակ։

«Դրանից բացի, քանի որ կա կանխիկի մեծ պահանջարկ, հատկապես ՌԴ քաղաքացիների և բիզնեսների մոտ դա կանխիկի ընդհանուր տարածաշրջանային գների աճի է բերել, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ, երբ բանկերը կանխիկ են բերում, դրա համար վճարում են որոշակի գումար։ Այդ գումարը հիմա շատ ավելի թանկացել է, քանի որ կա նման պահանջարկ, պահանջարկից բացի կան սանկցիաներ»,– բացատրեց նա։ 

2022-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 65 տոկոսով կամ 49.9 մլրդ դրամով։ Հարցին, թե որոնք են այս ցուցանիշների վրա ազդող գործողները, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ֆինանսական կայունության, կանխատեսելիության, անվտանգային ռիսկերից բացի, կա նաև մեկ այլ խնդիր․ Հայաստանի բանկային համակարգ եկող միջոցները ցավոք չեն դառնում արտադրական հզորություններ մեր երկրում։ Կա նաև աշխատուժ վարձատրության աճի խնդիրը, որը գալիս է շուկայի զարգացման հետ և բերում է նրան, որ պետք է թանկանա ազգային արժույթը, արտարժույթը նվազի, երբ երկիրը դառնում է ավելի հարուստ։

«Սակայն դա չի նշանակում, որ դա կարող է լինել, օրինակ՝ վեց ամսվա ընթացքում 20 տոկոսով։ Որպես կանոն ընկերություններին հուզում է, որ դա լինի աստիճանական, որպեսզի նրանք կարողանան հարմարվել և ադապտացվել այդ փոփոխություններին։ Այս տեսակետից շուկաների առկայությունը, ճանապարհային անվտանգությունը, բացի պատերազմից, լոգիստիկան և այլն։ Այս ամեն ինչը դեր են խաղում»,– բացատրեց նա։

Հարցին, թե Հայաստանն ինչ կարևորություն է ստանում այն առումով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարագայում ՌԴ տնտեսությունը արտաքին շուկաների հետ կապեր հաստատելու անհրաժեշտություն ունի, հնարավոր է արդյոք, որ Հայաստանը դառնա ՌԴ–ն սնող անոթներից մեկը, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանը այդ կապող օղակներից մեկն է միայն, օրինակ Վրաստանը, որտեղ տնտեսական աճը առաջին վեց ամսում ավելի բարձր է, քան Հայաստանում, թեև գնաճը ևս ավելի բարձր է կամ Ղազախստանը, որտեղ ևս ռուսական կապիտալի արտահոսք կա, ինչպես նաև այլ երկրներ։

«Այս առումով Հայաստանը այդ երկրներից մեկն է։ Բնականաբար այն շարունակելու է լինել այդ երկրներից մեկը թե՛ պատմական հիշողությամբ, թե՛ որոշակի կառույցների առկայությամբ՝ Եվրասիական տնտեսական միության և այլնի։ Բայց ենթադրել, որ Հայաստանը կլինի հիմնական ուղղությունը կամ հիմնական արյունատար անոթը, որը կսնուցի Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների պարագայում, կարծում եմ, որ մի քիչ ռոմանտիկ է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանը կարող է սանկցիաները շրջանցող գործունեություն ծավալել և չեմ կարծում, որ մենք այդ աստիճանի մեծ կարողունակություն ունենք․ շուկան փոքր է, տնտեսությունը փոքր է, տնտեսվարող սուբյեկտները փոքր են։ Այսինքն՝ մենք ունենք, իհարկե, շատ լավ, խոշոր բանկեր, որոնք կարող են ծառայություններ մատուցել, բայց այն որակի ծառայություններ, որ նրանք շատ հաճախ մատուցում են, բոլորը չէ, որ կարող են մատուցել։ Եվ իրենք էլ այդ կարողությունները չունեն ամբողջ Ռուսաստանի այդ սպեկտորը ծածկելու, և պետք էլ չի»,– եզրափակեց Վաչե Գաբրիելյանը։