Այս տարվա հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ եւ կազմել 10,3 տոկոս: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«12-ամյսա բնականոն գնաճը եւս ավելացել է եւ կազմել 9,4 տոկոս: երկրորդ եռամսյակի ընթացքում շարունակվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկտվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակի վրա: Զարգացած երկրների ԿԲ-ները շարունակում են խտացնել դրամավարկային պայմանները: Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը: Այսպիսով արտաքին հատվածից Հայաստանի վրա գնաճային ազդեցությունը որոշակիրորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռեւս կպահպանվի»,-ասաց նա:
Երիցյանը խոսքով, 2022-ի 2-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից ավելի բարձր տնտեսական ակտիվություն: Այն դրսեւորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ արդյունաբերության եւ արտահանման ոլորտներում:
«Տնտեսական բարձր աճի ձեւավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուներ եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման եւ բարձր գնաճային սպասումների պահպանմանը: ՀՀ դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը: Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն նպատակահարմար է գտել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը»,-ասաց ԿԲ փոխնախագահը:
Նա կանխատեսեց, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի դեպքում 12-ամյսա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին:
«ԿԲ-ն գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը պահպանվում է: Միաժամանակ գնաճային շեղման ռիսկերը հավասարակշռված են»,-ասաց նա:











