Գումարի դիմաց բանակից ազատվելու նախագիծը հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է, որ 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելուց հետո քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ եւ բանակից ազատվել։
«Պետությունը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ եթե դու սոցիալական դրությամբ ավելի վատթար վիճակում ես գտնվում, ապա պարտավոր ես ծառայել Հանրապետությանը, մեր պայմաններում հնարավոր է նաեւ կյանքի իրավունքի անդառնալի խախտման արդյունքում, բայց եթե դու ունես ֆինանսական միջոցներ, դու կարող ես 4 ամիս ծառայել, վճարել 24 միլիոն դրամ եւ ազատվել ծառայությունից»,- նշեց Հայրապետյանը։
Իրավաբանի խոսքով՝ այս նախագծով փորձ է արվում վերացնել կանոնավոր բանակը. «Պետբյուջեն հակասահմանադրական ճանապարհով լցնելու փորձ է արվում։ 24 միլիոն վճարելով՝ անձը 4 ամիս ծառայելուց հետո կարող է ազատ ման գալ, իսկ այդ գումարը հանգիստ կարող են բաշխվել ՔՊ-ականների միջեւ՝ որպես պարգեւավճար»։
Ռոբերտ Հայրապետյանն ընդգծեց, որ սոցիալական անարդարությունն է առաջ գալու. «Որովհետեւ լինելու են մարդիկ, որոնք այս կամ այն հանգամանքով պայմանավորված ստիպված են լինելու իրենց երեխային ծառայությունից ազատելու համար գումարներ հայթայթել»։
Հարցին, իր կարծիքով, արդյո՞ք այս նախագիծը կյանքի կկոչվի, Հայրապետյանը պատասխանեց. «Այո, կյանքի կկոչվի, որովհետեւ սա մտածված քաղաքականություն է։ Եթե համադրենք, թե ինչ են խոսում Կառավարության նիստում, ինչ է անում Մարդու իրավունքների պաշտպանը, ինչ է անում Պաշտպանության նախարարությունը, ապա կհասկանանք, որ մենք գործ ունենք բանակի կազմաքանդման՝ մտածված եւ հետեւողական սխեմայի իրականացման հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում











