Մեր երկրում պետք է համերաշխություն, իսկ առանց համերաշխության մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Սահմանային ռեֆորմները, որ սկսել ենք եւ իրականացնում ենք առանց մեր ընդդիմադիր դաշտում տեղակայված մեր գործընկերների, մենք դա անում ենք: Մեր լեգիտիմությունը կասկածի տակ դնելու նպատակները մենք հաղթահարել ենք, բայց այսօր մեր սահմաններին լարված իրավիճակ է, այդ իրավիճակները հաղթահարելու համար մեր երկում պետք է համերաշխություն, իսկ համերաշխությունը պետք է օգտագործենք՝ մեր սահմանային դիրքերից սկսած մինչև Երևանի կենտրոն իրագործել այն ծրագրերը, որոնք մեր ժողովրդին կտան վստահություն իր ուժերի նկատմամբ, իսկ այդ ուժերի նկատմամբ կասկած երբեք չպետք է ունենալ»,- ասաց նա։
Քոչարյանը ասաց, որ հնարավոր են ժամանակավոր անհաջողություննեը, բայց դրանք անհապաղ պետք է ստանան իրենց լուծումները։
«Մեր զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի։ Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ։ Երեկվանից սկսած ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ փորձում են մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանել, հիմա էլ տարածել են, որ ԱԺ պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցեք: Բայց կարծում եմ՝ սահմանի վրա են ձեզ սպասում եւ այն բուղեքը, որ երեկ Հովիկ Աղազարյանին բրդբրդում էին, թող պատրաստ լինեն, մենք իրենց կարիքն ունենք, այսօր երկրորդ կորպուսում, առաջին կորպուսում:
Ես ամեն ինչ անելու եմ, որ գան ու աջակցեն մեր զինված ուժերին, չկասկածեք մեր հնարավորությունների վրա։ Մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել, սա էլ ենք հաղթահարելու ու գնանք առաջ»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարել էր. «Մենք գնալու ենք ՔՊ-ականների տներ, գտնելու ենք իրենց հարազատներին. հանգիստ կյանք չեն ունենալու»:











