Ջերմուկ քաղաքում այս օրերին  բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով, բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր, ապաստարաններ, մյուս մասը՝ մոտիկ անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են, որպեսզի քաղաքացիները լինեն ապահով: Մենք չենք սպասել, որ պետք է հարվածներ հասցվեն Ջերմուկ քաղաքի քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներին,  դրա համար անակնկալի ենք եկել: Ջերմուկի  քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել: Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,-ասաց մարզպետը:

Նա նաեւ ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն առաջխաղացում է ունեցել, բնակիչներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ չկան. Արոտավայրեր եւ այլ տարածքներ են:

«Հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, դադարեցվել են դասընթացները դպրոցներում: Մենք հիմա մտածում ենք այլ միջոցառումներ, որպեսզի այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքն ապահովենք»,-ասաց Արարատ Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: