Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի հրթիռակոծման ժամանակ արկն ընկել է Ջերմուկի բնակիչ Արարատ Սարգսյանի տան վրա։ Բարեբախտաբար տանը մարդ չի եղել, գիշերվա հրետակոծությունից հետո ընտանիքին տեղափոխել էր ավելի ապահով վայր։

«Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչեւ ներս, ներսը նույն ավերակ վիճակն է»,- պատմեց Արարատ Սարգսյանը՝ նշելով, որ վնասվել է թե՛ տունը, թե՛ տնկարանը, թե՛ ճաշելու համար նախատեսված առանձին շինությունը։ 

Նա նշեց, որ փաստահավաք խումբ է եկել, չափագրումներ են արել եւ գնահատել վնասը. «Դիմել եմ Մարդու իրավունքների գրասենյակին»։

Արարատ Սարգսյանն ասում է, որ չի պատրաստվում լքել իր տունը։ «Իհարկե, մնալու եմ այստեղ։ Իսկ ուրիշ ուր պիտի գնամ, սա մեր հայրենիքն է»,- ռուսերենով պատասխանում է ռուս լրագրողի հարցին։

«Այս ժամանակ երբ դուրս ենք եկել, հաջորդ օրը առավոտյան՝ ժամը 8։30-ի սահմաններում, հետ եմ եկել, էլի հրթիռակոծում էին, արկերը ընկնում էին դեպի ձախ ափ»,- պատմեց Ջերմուկի բնակիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։