Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հրետակոծությունից վնասվել են Ջերմուկում վարձույթով տրվող դահուկների մեծ մասը։ NEWS.am-ի հետ զրույցում վարձույթով տրվող դահուկների պատասխանատու Էդգար Գալստյանը պատմեց, որ 40-ից ավելի դահուկ եւ 6 հատ սնոուբորդ է գնել ընդհանուր 50 հազար դոլարով։
«Դրանց մեծ մասը վնասվել է, մոտ 40 000 դոլարից ավելի վնաս եմ կրել։ Գերմանական ամենաթանկ սնոուբորդերն եմ գնել նախկինում եւ հիմա ավերվել են ամբողջությամբ։ Դահուկների մեծ մասն էլ վնասվել է, շատերը պիտանի չեն։ Ես տեսանյութը նկարել եմ առաջին պահին, հետո այլեւս չեմ կարողացել մտնել շենք, որովհետեւ հակառակորդը նշանառության տակ էր վերցրել։ Ունեցել եմ նաեւ խաղային ապարատներ, դրանք նույնպես վնասվել են»,- պատմեց Էդգար Գալստյանը։
Նա պատմեց, որ սեպտեմբերի 13-ի երեկոյան որոշել է ռեստորանն ու վարձույթի սրահն ավելի շուտ փակել. «Չգիտեմ՝ ինչու որոշեցի շուտ փակել ու գնալ տուն։ Աշխատողներով այդ օրը շուտ դուրս եկանք։ Հասա տուն ու սկսեց ռմբակոծությունը, պատուհանները կոտրվեցին, երեխային գրկած ընտանիքով իջել են նկուղ, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո գնացել ենք Երեւան»։
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի հետեւանքով հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչեւ 7.5 կիլոմետր խորությամբ։ Նրա խոսքով` Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա, հակառակորդի որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ՝ շրջափակումների մեջ։ Նշենք, որ մինչեւ այս ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանական հրետակոծությունից նաեւ հրդեհվել էին Ջերմուկի անտառները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական եւ կենդանական աշխարհին` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը եւ ապրող կենդանիները՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ եւ այլն, գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկն ունի նաեւ հարուստ էկոհամակարգ՝ կաղնիներ, գիհիներ, սոճիներ, որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի եւ կենդանիների առանձնահատուկ տեսակներին:











