Երեւանի ավագանու պատմության մեջ, բացի կոյուղաջրերի պատմությունից, չի եղել դեպք, որ ավագանու անդամը պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու իր գործընկերների դեմ. ի դեպ ավագանու տղամարդ անդամը կին անդամների դեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նշենք, որ խոսքը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին է:

«Այո, այս դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար. սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են»,- ասաց նա:

 «Այո՛, մեզ հրավիրեցին Կոտայքի քննչական բաժին, այո՛, ես եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետեւ ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար, անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար, բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել. թողնում եմ ձեր երեւակայությանը»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նա կոչ արեց իրավապահ մարմիններին դիտել Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը եւ պարզել, թե ինչ էր թաքնված «ավագանու տվյալ անդամի կոստյումի հետնամասում, ինչքանով է դա օրինական եւ ինչքանով իրավունք կա նմանատիպ բան բերել դահլիճ»:

Իր հերթին ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն լրացնելով Անի Խաչատրյանին, հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրյայից, հրավիրվեր Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու: Այնուհետեւ նա ընթերցեց իրեն ուղարկված նամակը. «2022 թվականի հունիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է՝ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացրած աչքերով գալու եք նիստի ու ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Ասացեք             ի՞նչ եք նկատի ունեցել»:

Վարդանյանը, դիմելով Արման Անտոնյանին, ասաց. «Եթե ձեր առքերը եռանկյունի են կամ ուղղանկյուն կամ քառակուսի, խնդրում եմ՝ ինձ դրա մասին տեղյակ պահեք: Ասենք՝ ինձ մի ասեք կլորացրած աչքեր, ասեք՝ եռանկյունի աչքեր: Դրա համար պետք չի ինձ հասցնել ոստիկանության Չարենցավանի բաժին: Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել՝ գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության: Նորմալ չէ, երբ 40 տարական տղամարդը ավագանու կին անդամին հասցնում է բաժին»:

Եթե ես որեւէ կապ ունենայի մահափորձի հետ, ես չէի վրիպի, դուք կենդանի չէիք լինի. Անի Խաչատրյանը՝ Արման Անտոնյանին