Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները այսօր՝ սեպտեմբերի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց, Նրանք օգոստոսի 17-ից գործադուլ են սկսել եւ պահանջում են հեռացնել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:
Դասախոսներից մեկը հայտարարեց, որ քոլեջը վերածվել է մի մեծ բոստանի. «Հիմնվեց սնկատուն: Մենք համաձայնեցինք, որ կից պետք է կառուցվի լաբորատորիա, պետք է իրականացվեր դուալ ուսուցում: Այսինքն դրանից օգտվելու էինք եւ մենք եւ ուսանողները: Բայց հետագայում տեսանք, որ դա ընդամենը բիզնես էր, սունկը սկսեցին վաճառել մեզ վրա:
Նախկինում էլ ենք ունեցել ջերմատուն, որտեղ պրակտիկ գործունեություն են իրականացրել: Իսկ հիմա վարունգ էինք մշակում, ուսանողությունը պետք է ողջ ուսումնական պրոցեսը թողնելով իրականացներ գյուղաշխատանքներ: Բացի դրանից, քոլեջի ողջ տարածքը վերածվել է բոստանի: Մայիսից սկսած ուսումնական պրոցես չենք ունեցել:
Ով հրաժարվեր քաղհան անելուց, նպառնում էր, որ ժամ չի ունենա: Ուսանողներին էլ սպառնում էր, որ եթե քաղհան չանես, գնահատական չես ստանա: Ամբողջ ուսումնական պրոցեսը վերածվեց գյուղաշխատանքներ կատարելու: Ամբողջ ուսումնական պրոցեսը խաթարվել է»,-ասաց դասախոսներից մեկը:











