Պրահայի գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Հանդիպումն ուղղակի արարողակարգային բնույթ էր կրում։ Այլ բան, որ մեր առաջնորդն այդ հանդիպումից ուրիշ սպասումներ ուներ։ Թուրքիայի համար Հայաստանի առաջնորդի հետ հանդիպումը որեւէ նշանակություն չուներ իրենց վարած քաղաքականության հարցում։ Որեւէ նոր բան հայ-թուրքական հարաբերություններում այդ հանդիպմանը չհետեւեց։ Մենք ուղղակի տեսանք դասական արարողակարգային հանդիպում, լուսանկարներ, տեսանյութեր, հայտարարություններ, հաղորդագրություններ»,- նշեց Իսպիրյանը։
Թուրքագետը նկատեց, որ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Թուրքիայի նախագահը երկու դրվագում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորմանը։ Նախ արարողակարգային հայտարարության տեսքով, որ կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա բացահայտեց թուրքական կողմի նախապայմանը։
«Էրդողանը շատ պարզ ասաց՝ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր չստորագրվի հարաբերության կարգավարման մասին խոսք չի կարող լինել։ Պրահայի գագաթաժողովի հիմնական ուղերձն այն է, որ Թուրքիան ունի նախապայման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարագավորումը»,- ընդգծեց թուրքագետը։
Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ Հայաստանի եւ Թուրիքայի բանագնացների հանդիպումներն անիմաստ են եղել։
«Այդ բանակցությունները չպետք է լինեին։ Երբ Թուրքիան հայտարարում է հարաբերությունների կարգավորման ցանկության մասին, բանագնաց չպետք է նշանակվի։ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը եւ ինքն էլ կարող է բացել։ Բանագնաց նշանակվում է այն դեպքում, եթե կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն։ Եթե Թուրքիան չունի խնդիր, ի՞նչ են բանակցում բանագնացները։ Նույն բանը առավել պրոֆեսիոնալ կերպով կարող են անել երկու կողմերի Արտաքին գործերին նախարարությունները»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ՝ այս պարագայում հայկական կողմը չպետք է լցվի ավելորդ լավատեսությամբ, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։
«Այս պահին Էրդողանի հայտարարությունն ազդակ է, որ հայկական կողմը ոչինչ չունի անելու մինչեւ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիան եւ Թուրքիայի կողմից այդ ագրեսիայի աջակցությունը, ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին մոռացության մատնում։ Եվ թեկուզ խաղաղության համաձայնագիր ստորագրվի՝ ամեն պահի Թուրքիան կարող է Ադրբեջանի հերթական սադրանքից հետո ուղղակի սառեցնել հարաբերությունները։ Անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ներկայացնում որպես փրկօղակ։ Գերագնահատվում է այդ դերը»,- ամփոփեց թուրքագետը։











