Մեր նպատակը կապ չունի շենքերի հետ, մեր նպատակը Բրյուսով բրենդը չկորցնելն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան համալսարանի Օտար լեզու եւ գրականություն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արգամ Սարգսյանը։
«Քաջ գիտակցելով եմ ընդունվել Բրյուսովի անվան համալսարան, եկել եմ իմ երազանքի հետեւից՝ դառնալ լեզվաբան, սովորել 3 եւ ավելի օտար լեզու, որն այսօր հնարավորություն է տալիս այս համալսարանը։ Բրյուսովն ունի մի շարք ծրագրեր, որոնք արտասահմանյան բուհերի կողմից ընդունված են, մեզ ճանաչում են որպես Բրյուսովի համալսարան։ Մանկավարժական համալսարանի եւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի հետ միավորվելուց հետո մենք ճանաչում չենք ունենա։ Մոտ 100 տարվա պատմություն ունեցող բուհն այսօր ուզում են փակել մարդիկ, որոնք այդքան տարիք չունեն, չգիտեն Բրյուսովի համալսարանի պատմության մասին։ Մեր մեծ ընտանիքը պատրաստ է պայքարել կրթության համար»,– ասաց Արգամ Սարգսյանը։
Բուհերի խոշորացումն ըստ Արգամ Սարգսյանի՝ չի կարող ապահովել կրթության որակի բարձրացում, ինչպես պնդում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունն այս քայլով դեպի լճացում է տանում։
«Երիտասարդությանն այդպես ավելի հեշտ է կառավարել»,– նշեց նա։











