Մենք որեւէ համալսարանի դեմ չենք պայքարում, բայց նախագծի հիմնավորման մեջ պետք է գրված լիներ, թե որակավորման որ չափանիշներով են իրենք ղեկավարվել եւ այս բուհերն ընտրել միավորման համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան համալսարանի Մանկավարժության եւ լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուիզա Միլիտոսյանն՝ անդրադառնալով Բրյուսովի, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի միավորման վերաբերյալ նախագծին։

 «Այդ նախագծի հիմնավորումներն ընդհանրական են։ Խոսքը կրթության որակի,  ներառականության ապահովման մասին է, բայց նման ընդհանուր ֆրազներով հիմնավորում չի կարող լինել։ Ցանկալի կլիներ, որ նախագծում  ներկայացվեին այն սկզբունքները, որով ուսումնասիրվում են բոլոր բուհերը եւ տեսնեին, թե բուհերի միավորման անհրաժեշտություն կա, առավել եւս, որ Բրյուսովի անվան համալսարանը մանկավարժական բուհ չէ, այստեղ մանկավարժական մասնագիտությունները 18 տոկոս են կազմում, այս դեպքում հետաքրքիր է՝ իսկ  ո՞ւր են գնալու մյուս մասնագիտությունները։ Մենք որեւէ համալսարանի դեմ չենք պայքարում, բայց նախագծի հիմնավորման մեջ պետք է գրված լիներ, թե որակավորման որ չափանիշներով են իրենք ղեկավարվել եւ այս բուհերն ընտրել միավորման համար, որովհետեւ մինչեւ այս շատ խոսակցություններ էին գնում տարբեր միավորումների մասին»,– ասաց Մանկավարժության եւ լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը։

Նրա խոսքով՝ շատ համալսարաններում ընդունելության տոկոսը ցածր է, բայց Բրյուսովի անվան համալսարանը վերջին երեք տարիների ընթացքում ընդունելության ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ տեղը։ Սա ըստ նրա՝ կրթության որակի ցուցանիշ է։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 13–ին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե բուհերի միավորման արդյունքում երկու ռեկտորի պաշտոն կկրճատվի։ Բայց ըստ Լուիզա Միլիտոսյանի՝ բուհերի միավորման վերաբերյալ նախագծում նշված է, որ կրճատվող աշխատակիցների քանակը շատ է լինելու։