Հոկտեմբերի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» թեմայով  հերթական դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 25 ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, նույն վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացը կազմակերպել էր ԵԽ Երևանյան գրասենյակը՝ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում»  ծրագրի շրջանակներում։

Ներկայացվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության պատճառները, դրանց դեմ պայքարի օրենսդրական գործիքները, հասարակության իրազեկվածության բարձրացումը, աջակցության կենտրոնների և բռնարարներին ուղղված ծրագրերի նշանակությունը։

Կարևորելով ոստիկանության ծառայողների գործնական հմտությունների զարգացումը՝ անցկացվել են գործնական վարժություններ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է 125 ոստիկան։ Դասընթացը վարել են ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, իրավագիտության թեկնածու, փորձագետ Արմեն Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։ Նմանօրինակ դասընթացները շարունակական են։