«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հոկտեմբերի 30–ին վրացական տրամադրություն էր։ Ազգային տարազները, դրոշների գույներով ատրիբուտները եւ չեքինի լուսատախտակը հուշում էին. ուղղությունը՝ Երեւան-Թբիլիսի։

Թբիլիսին «Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնայի» 5-րդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից եւ Սոչիից հետո։ Մեկնարկային թռիչքը հոկտեմբերի 30-ին էր, դրանից հետո ընկերության Airbus A320 օդանավը շաբաթական երեք անգամ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երեւան–Թբիլիսի եւ հետադարձ ուղղություններով։

«Թռիչքներն իրականացվում են ամեն երեքշաթի, ուրբաթ եւ կիրակի օրերին, ինչը մարդկանց հնարավորություն կտա հանգստյան օրերն անցկացնել Թբիլիսիում։ Ուրբաթ կարող են մեկնել Երեւանից եւ վերադառնալ կիրակի երեկոյան։ Սա նաեւ հիանալի հնարավորություն է Մոսկվայից Թբիլիսի մեկնող ուղեւորների համար, որոնք կարող են Զվարթնոցն օգտագործել որպես տրանզիտ»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը։

Չնայած ավիատոմսերի մատչելի գներին, դրանք սկսվում են 25 հազար դրամից, ընկերությունում վստահեցնում են՝ հարմարավետությունը դրանից չի տուժում։ Ֆլայ Արնան առաջարկում է 3 դասի ավիատոմս ՝ ստանդարտ, ճկուն եւ պրեմիում։ Ստանդարտ դասով թռչողներն իրենց հետ կարող են վերցնել մինչեւ 10 կգ ձեռքի ուղեբեռ։ Ճկուն եւ պրեմիում դասի ավիատոմսերի գինը ներառում է նաեւ սնունդ, հավելյալ ուղեբեռ, հնարավորություն է տալիս անվճար փոխել ավիատոմսը եւ նույնիսկ չեղարկել այն։

Երեւանից Թբիլիսի թռիչքի տեւողությունը 45 րոպե է։ Այս րոպեների ընթացքում կարող եք օգտվել SkyTime անվճար սթրիմինգային ծառայությունից եւ թռիչքի ժամանակ ֆիլմեր, հաղորդումներ դիտեք, երաժշտություն, ինչպես նաեւ աուդիոգրքեր լսեք։

Sky Time-ը հարմարավետության լրացուցիչ ծառայություններից մեկն է, որն econom դասով ուղեւորվողներին առաջարկում է ընկերությունը։  Ֆլայ Արնայից ցանկացած ուղղությամբ ավիատոմսեր գնելիս կարելի է օգտվել նաեւ  AirRewards հավատարմության ծրագրից եւ միավորներ կուտակելով՝ հետագայում օգտագործել դրանք՝ ավիատոմս, օդանավում սնունդ կամ լրացուցիչ ուղեբեռ գնելիս, նաեւ ստանալ 10% cashback։

Թբիլիսիի միջազգային օդանանավակայանում առաջին թռիչքի կապակցությամբ ջրցան մեքենայով ջրեցին օդանավը։

Օդանավ նստելուց ընդամենը 45 րոպե անց Թբիլիսիում ես, որտեղ մշակութային, պատմական, ժամանցային ու հատկապես գաստրոտուրիզմի հրաշալի հիշողություններ կարող ես կուտակել նույնիսկ երկու օրվա ընթացքում։

Շուտով Ֆլայ Արնան ուղեւորներին կառաջարկի նաեւ հարմարավետ տուրիստական փաթեթներ դեպի Թբիլիսի եւ իր կողմից իրականացվող չվերթների մյուս ուղղություններով։

«Մենք աշխատում ենք հայաստանյան շուրջ 500 տուրիստական գործակալությունների հետ, ինչպես նաեւ սերտ համագործակցում ե՛ւ Հայաստանի ե՛ւ Վրաստանի Տուրիզմի Կոմիտեների հետ՝ երկու կողմերով ճանապարհորդելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ հետաքրքիր տուրիստական փաթեթների ստեղծման շուրջ։ Հայաստանում վերջերս բացվել է Cozmo Travel անվամբ նոր տուրիստական գործակալություն, որը մասամբ պատկանում է Ֆլայ Արնային։ Այն այս պահին զարգացման փուլում է եւ մոտ ապագայում արդեն կկարողանա առաջարկել տուրիստական փաթեթներ բոլոր այն ուղղություններով, դեպի ուր թռիչքներ է իրականացնում Ֆլայ Արնան»,– նշեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Ֆլայ Արնա  ընկերությունը ընդամենը 4 ամիս առաջ է գործարկվել եւ արդեն 6–րդ ուղղությանն են պատրաստվում՝ դեպի Բեյրութ։ Մինչեւ տարվա վերջ կհայտարարեն եւս մի քանի նոր ուղղությունների մասին։ Դրանք սպասարկելու համար Հայաստանի ազգային ավիաուղիներն աշխատում է ավիապարկը եւս մեկ՝ երրորդ օդանավով համալրելու շուրջ։

Վրաստանում ճանապարհորդելու վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Վրաստանի տուրիզմի պաշտոնական կայքէջում: