Հայկական գործոն այսօրվա դրությամբ պարզապես չկա։ Օրինակ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վալդայի ելույթը չլիներ, Հայաստանում եւ Ղարաբաղում ոչ մի հանրահավաք չէր նախաձեռնվի։ Նոյեմբերի 7-ին «Հայաստանի օրակարգ. շարունակությունը հանրահավաքներից հետո» թեմայով քննարկումների ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Փորձագետի կարծիքով, կարող է տպավորություն ստեղծվել, որ բոլորն ամեն ինչ գիտեն, եւ որ կան անհրաժեշտ ռեսուրսները, սակայն որոշումներն, այնուամենայնիվ, կայացվում են առանց հայկական գործոնը հաշվի առնելու ։
«Դրսից ազդանշան կգա՝ կսկսեն ինչ-որ բան անել։ Չի գա՝ ուրեմն ոչինչ չեն անի։ Ահա եւ վերջ։ Կովկասյան նոր ճարտարապետության կառուցման գործընթացում բոլորը, այսպես, թե այնպես, մրցակցում են իրար հետ․․․Մեր շուրջ ամեն ինչ եռում է։ Ընդ որում մենք ինքներս չկանք։ Ոչ մի հայկական գործոն չկա։ Եվ այս պայմաններում մեր պետականությունը իջել է «հայկական տարածքներ» ձեւակերպման մակարդակին։ Այսինքն՝ դա տարածք է, որտեղ բնակվում են որոշակի թվով հայեր։ Միաժամանակ բոլոր գործընթացները տեղի են ունենում նրա շուրջ։ Նման պայմաններում մենք միշտ տարածքներ ենք կորցնելու»,- պարզաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է սկսել աշխատել հայկական գործոնի ուժեղացման ուղղությամբ։
Նա իշխանություններին կոչ արեց նպաստել հայկական գործոնի ուժեղացմանը։ Հովհաննիսյանի կարծիքով, եթե կառավարությունը ժամանակին հրաժարական տար, այս ուղղությամբ աշխատանքը էապես կհեշտացվեր.
«Սակայն իշխանությունը չի զբաղվում հայկական գործոնի ուժեղացման հարցով։ Կամ դա նրան ձեռնտու չէ, կամ նա պարզապես ի վիճակի չէ որեւէ բան անել։ Ո՞րն է այդ դեպքում հաջորդ ռեսուրսը: Հաջորդ ռեսուրսը իշխանություն չունեցող համակարգն է։ Մենք այլ ռեսուրս չունենք։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անի»,- նկատեց քաղաքագետը։
Փորձագետը համոզված է՝ այսօրվա դրությամբ Հայաստանում իշխանությունը կազմված է մեկ անձից եւ նրան մոտ կանգնած մարդկանց շատ նեղ խմբից։ Եվ հենց նրանք են որոշում, թե որտեղ են լինելու հաջորդ բանակցությունները՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, թե Թեհրանում։











