ՔՊ-ում վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է նաեւ ՔՊ-ում տեղի ունեցած ընտրությունների հարցը, ներկաները մտահոգություն են հայտնել, բայց կարեւորը, որ որեւէ պառակտում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Հարցին, թե խոսվե՞լ է այն մասին, որ տեղի ունեցածի համար պետք է պատժվողներ լինեն, նա պատասխանեց. «Այո, ոչ թե խոսվել է այն մասին, որ պետք է պատժվողներ լինեն, այլ պետք է խորանալ եւ հասկանալ՝ դա փնթիություն էր, թե՞ միգուցե միտում էր: Նախնական կարծիքն այն էր, որ թերացում է: Այնտեղ ռեյտինգային քվեարկություն է, այնտեղ 45 հոգի են, դու պետք է մտնես 15 հոգու նշես: Հետո այդ բոլորը  պետք է հաշվեն, մուտք անեն: Կարող է այդ մուտք անողը ինչ-որ մի տեղ սխալվի: Վերահաշվարկը ցույց էր տվել, որ բացառությամբ երկու դեպքի, մյուսներին 2-3 ձայնի տարբերություն էր: Հաշվարկի սխալ այդտեղ կարող է լինել, բայց վստահ ասել, թե դա փնթիություն է, թե կազմակերպված է, կարծիք  հնչեց, որ պետք է դրանում համոզվել: Վարչապետն ասաց՝ իհարկե, պետք է համոզվել, հասկանալ, թե ինչ է կատարվել: Որ ասում են՝ խմբավորումներ կան, չկա նման բան, բայց կասկած կա, թե ինչու դա եղավ: Մարդիկ պետք է քննեն, համոզվեն»:

Վիգեն Խաչատրյանը հավելեց, որ վերահաշվարկի արդյունքում որեւէ մեկի մոտ նեղացածություն չկա, կա համերաշխություն. «Այնտեղ ուրախացած կամ նեղացած մարդ չկար: Ասել, որ ՔՊ-ն պառակտվում է, թեթեւ կան ներսում, դրա համար մեծ երեւակայություն է պետք: Ցանկացած կուսակցությունում կան տարբեր մոտեցումներ, տարբեր խմբեր, համակրանքներ: Դա նորմալ է: Կուսակցությունը բանակ չի, որ շարվեն, լսեն, թե հրամանատարն ինչ է ասում: 

Այն կուսակցությունները, որոնք կուրծք են ծեծում, թե մեզ մոտ կարգապահություն է, դրանք ողորմել կառույցներ են: Դա դառնում է աղանդ: Կարգապահությունը բնորոշ է բանակին, կուսակցությունում չպետք է լինի կարգապահություն: Կուսակցության մեջ պետք է լինի ազատություն, մտքերի բազմազանություն: Կուսակցական կարգապահությունը պետք է վերաբերի կայացված որոշումների կատարմանը: Որեւէ կուսակցական կարող է չկատարել որոշումը, բայց չպետք է խանգարի, կողք պետք է քաշվի»