Մենք հայց ենք պատրաստում պաշտոնեական լիազորությունների չարաշահման կապակցությամբ համապատասխան մարմինների ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործի հարուցման մասին։ Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա իշխանություններին կոչ արեց պատրաստվել դատին։ Աշոտյանը հիշեցրեց, որ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում նրան արգելել են լքել Հայաստանը այն հիմքով, թե նա մեղադրյալ է ինչ-որ գործով։
«Հեռախոսահամարը, որն ինձ տվել էին եւ որով ես պետք է զանգեի, Քննչական կոմիտեի քննիչին է պատկանում, որը քննում է քաղաքական սկանդալի վերածված բժշկական համալսարանի գործը», – նշեց նա։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներն իրենց կոռեկտ են պահել՝ օրենքի շրջանակում։ Նրանք վստահություն են հայտնել, որ դա Քննչական կոմիտե-Գլխավոր դատախազություն դուետի աշխատանքն է։
«Ես մինչեւ հիմա ծանուցում չեմ ստացել, որ որեւէ գործով որպես մեղադրյալ եմ ներգրավված։ Իմ հանդեպ կիրառվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն, բայց ես չեմ ստացել նաեւ այդ ծանուցումը։ Այսինքն՝ խափանման միջոցը նույնպես անօրինական է։ Եթե ես խոշոր հանցագործ լինեի, ուրեմն պետք է անձնագրային ստուգման ժամանակ ձերբակալվեի։ Սա նույնպես տեղի չունեցավ»,- ընդգծեց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հայտարարել Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ։











