Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ նոյեմբերի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք պահանջում են ընթացք տալ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ բռնի ուժ կիարռելու գործին:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քննչական կոմիտեն հարցաքննել է բերման ենթարկված 37 ծնողներից 20-ին:

«5 ծնող մարմնական վնասվածք էր ստացել, 37 ծնողի բերման էին ենթարկել: Գործը տեղափոխվել են ՔԿ, որ գործ հարուցեն այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնի ուժ էին կիրառել ծնողների նկատմամբ: 37 ծնող տուժող է ճանաչվել, նրանց հերթով կանչում էին հարցաքննության: 20 ծնող կանչելուց հետո իրենք ասել են, թե չեն կարողանում մյուսներին գտնել: Փաստորեն, 20 հոգու հարցաքննելուց հետո հարցաքննությունը դադարել է: Իրենց ասելով, մյուսներին չեն կարողանում գտնել, ծանուցել: Արդեն երկու ամիս է այսպես ձգձգվում է: Մեր պահանջն այն է, որ եթե 20 հոգու հարցաքննել եք, այդ 20 հոգուց ուցմունքի վրա գործը հարուցեք, կամ 5 հոգին, որոնք մարմնական վնասվածքներ էին ստացել, իրենց գործն առանձնացրեք, մեղադրանքն առաջադրեք, որից հետո նորից կշարունակեք հարցաքննել մյուսներին: Մինչ օրս որեւէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում: Միայն մի կողմին հարցաքննելով ինչպե՞ս կարող են գործ հարուցել: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է գործը ձգձգվում: Եթե որեւէ քայլ չանենք, կարող է տարիներով գնա գործը եւ քնեցնեն»,-ասաց նա:

Զոհվածի ծնողը տեղեկացրեց, որ դեռ որեւէ կասկածյալ, մեղադրյալ չկա, որեւէ բան չի արվել. «Մեր պահանջը հենց դա է, որ ոստիկաններին կանչեն հարցաքննության, առերեսում կազմակերպեք եւ մեղադրանք առաջադրեք: Իրենք ասում են՝ մինչեւ մի կողմին ամբողջությամբ չհարցաքննենք, մյուս կողմից չենք անցնելու:  Անգամ եթե որեւէ մեկին չկանչեն էլ հարցաքննության, կադրերի հիման վրա հնարավոր է գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել: Երբեմն ինչ-որ մեկի վերացական ցուցմունքի հիման վրա գործ են հարուցում, իսկ այս դեպքում բազմաթիվ տեսանյութեր կան, 20 հոգու ցուցմունք կա, բայց գործ չեն հարուցում: Մենք կարծում ենք, որ միտումնավոր ձգձգում են գործը: Երեւի որպես քավության նոխազ մի քանի ոստիկանի գործից կհեռացնեն, որպեսզի ցույց տան, որ ինչ-որ բան անում են»:

Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանապետից չի եղել հրամանը, այլ ավելի վերեւից. «Երեւի հենց վարչապետի մակարդակով էլ կազմակերպվել է այս ամենը»:

Նշենք, որ ՔԿ-ից ակցիայի մասնակիցներին հրավիրել են ներս, դահլիճում առանց լրատվամիջոցների հանդիպելու համար, բայց ծնողները մերժել են: