Մեզ ասացին, որ զոհված զինծառայողների ծնողներին նկատմամբ բռնություն գործադրած կարմիրբերետավորներին նույնականացնելը երկար գործընթաց է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Քննչական կոմիտեում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ տեղի ունեցած բռնության գործին:
«Բոլորս էլ գիտենք, որ դա րոպեների հարց է, նույնականացնեն՝ ովքեր են եղել այդ բերետավորները: Երբ ամուսինս այդ գեներալի հագուստից քաշել էր, հաջորդ օրն առավոտյան ժամը 6.45-ին իմ տան դուռը ծեծել են: Բա էդ ո՞նց են արագ նույնականացրել: Մեզ արագ կարողանում են նույնականացնել, իսկ կարմիր բերետավորների դեպքում դա շատ բարդ գործընթաց է, հայոց հարցն է»,-ասաց նա:
Ծնողներից մեկն էլ նկատեց, որ երկու ամսում նկարներով չեն կարողացել ճշտել այդ ոստիկաններին. «Ես հարցրեցի՝ գոնե ճշտե՞լ եք, հրաման եղե՞լ է մեզ բերման ենթարկելու այդ օրը: Այդ հարցում էլ դեռ ճշտման մեջ են: Այսինքն երկու ամսում որեւէ բան չեն արել: Վերջին դեպքերը, որ եղավ, ասացին՝ զինվորականի համազգեստի նկատմամբ բռնություն, երկու ժամվա մեջ եկան տնից տարան: Ամեն ինչը միանգամից իմացան: Մենք ասում ենք՝ մենք գիտենք, ասում են՝ դե բերեք տվեք անուն, ազգանունները: Բա դուք ինչի՞ համար եք, որ էլի ծնողները բերեն: Եթե այդպես է, դուք ռադներդ քաշեք, մենք ինքներս հետաքննություն կանցկացնենք, մեր դատաստանն էլ կտանք: Քննիչի հայացքից էլ տեսնում ենք, որ իրենք էլ կուզենային, որ կարգերը փոխված լինեին, երկու ժամվա մեջ այս ամենը փակեին: Երեւում էր, որ սրտացավություն կա, բայց կաշկանդվածությունը երեւաց: Քանի այս իշխանությունն է, որեւէ հարց չի լուծվի: Տպավորությունն այդպես է»,-ասաց ծնողներից մեկը:
Մեկ այլ ծնող էլ ասաց. «Եթե ՔԿ-ում չեն կարողանում էդ ոստիկաններին գտնել, ինքնությունները պարզել, մեբնք ինքներս ի վիճակի ենք դա անել: մենք արդեն անգիր գիտենք՝ դրանք ովքեր են»:











