Սեպտեմբերի 21-ին բոլորի աչքի առաջ տեսաք, թե ինչ արեցին մեզ հետ, ու այսօր, երկու ամիս անց էդ գործով ոչ մի նորություն չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա ապտերազմում զոհված զինծառայողներից մեկը ծնողը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ տեղի ունեցած բռնության գործին:
«Կոնկրետ տուժողները 5 հոգի են, որոնք կապտուկներ, կոտրվածք են ստացել: Մեզ ամենասկզբում են հարցաքննել: Ինձ թվում է, որ եթե հիմնական տուժողնեռրին վերացրել են, այդ մասով գործն ընթացք ստանա, որովհետեւ հիմնական գործը հենց տուժողների հետ է կապված: Իսկ ծնողներից 37 հոգին, որ պետք է հարցաքննվել, նրանց մի մասը չի հարցաքննվել, հնարավոր է, որ այդ մարդկանց Հայաստանում չլ;ինելու պատճռով այդպես էլ չկարողանան հարցաքննվել, կամ հարցաքննվեն X ժամանակ հետո, որը մեզ ձեռնտու չի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ սեպտեմբերի 21-ին պետական արարողակարգ էր տեղի ունենում «Եռաբլուրում» եւ այն պետք է բաց լիներ Նիկոլ Փաշինյանի համար, տուժած ծնողն արձագանքեց. «Դա կլինի պետական, թե սեփական արարողակարգ, նախ պետք է հասկանանք, թե խոսքն ինչի մասին է: Քաշքշելով, անարգելով ընկած տղերքի ծնողներին, որեւէ արարողակարգ իր իմաստը կորցնում է: Հնարավո՞ր է, որ զոհվածի ծնողին անարգելով ինչ-որ հարգանք վաստակեն իրենց հանդեպ: Գիտակից մարդիկ կհասկանան, որ այս ամենը արվում էր զուտ PR-վելու համար»:
Մեկ այլ զոհված զինծառայողի՝ Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանն էլ հավելեց. «Որ «Եռաբլուրը» մեծացել է, հենց Նիկոլ Փաշինյանի «շնորհքն» է: Ինքն իրավունք չունի «Եռաբլուրում» լինելու: Ինքը ընդհանրապես այնտեղ չի գալու եւ ամեն ինչի համար պատասխան է տալու: Որ մեր երեխաները հիմա «Եռաբլուրում» են, էդ հրահանգն էլ է ինքը տվել: Ինքը քանի կա, մենք էլ ենք լինելու, թող հասկանա, որ չի կարող մեզ այդպես հեշտ կոտրել»:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ոստիկանները բռնություն են կիրառել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, որոնք փորձում էին թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:











