Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ճնշում գործադրելու փորձ է։ Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Սա, նրա խոսքով, հերթական ադրբեջանական սադրանքն է, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա քաղաքական, ռազմական, բարոյական եւ հոգեբանական ճնշման փորձ։ «Նրանք ցանկանում են, որ Ղարաբաղի ժողովուրդն ընդունի պարտությունը։ Կարծում եմ, որ նրանք լավ չեն ճանաչում ղարաբաղցիներին, քանի որ դասեր չեն քաղել 30-ամյա պատմությունից»,- ասաց ընդդիմադիրը։

Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է իներտություն դրսեւորի։ Չէ որ խոսքը ոչ թե հեռավոր երկրի, այլ Լեռնային Ղարաբաղի մասին է։ «Չի կարելի նրա բնակչությանը մենակ թողնել ադրբեջանցի ագրեսորների հետ, քանի որ Հայաստանը եղել եւ լինելու է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ռուս խաղաղապահների ներկայության փաստը առիթ չէ նրանց փոխանցելու այն պատասխանատվությունը, որը Հայաստանը նախկինում իր վրա էր վերցրել»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը կրկին փակել էր Լաչինի միջանցքը։ «Ակտիվիստները», «բլոգերները», «լրագրողները» եւ «հասարակական կազմակերպությունների» ներկայացուցիչները իրենց գործողությունները հիմնավորում են «բնապահպանական խնդիրներով» եւ կանգնում են նման բովանդակությամբ ցուցանակներով։ Նրանք պահանջում են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին, ում գործողությունները գնալով ավելի շատ հարցեր են առաջացնում հայկական կողմի մոտ։