Ոչ՝ պատերազմին, ոչ՝ զենքին, ոչ՝ թշնամանքին. աշխարհի մանուկներն ունեն տարբեր նպատակներ ու ցանկություններ, բայց կա մի բան, որը միավորում է բոլորին՝ խաղաղության մասին երազանքը:
Այս գաղափարի շուրջ համախմբվելով «Արեգ» կրթահամալիրի տարբեր դասարանների սաները դպրոցի բեմին ներկայացրին տարբեր երկրների պատմությունն ու մշակույթը: Միջոցառումն անցկացվեց «Բարեկամությունը սահման չունի» խորագրի ներքո:
«Այս միջոցառման գաղափարը հանկարծակի չի ծնվել. այնպիսի օրեր ենք ապրում, որ շատ կարեւոր է, որ բարեկամությունը, խաղաղությունը դառնան այն ուղենիշները, որոնցով մեր դպրոցի սաները ճիշտ ուղով կընթանան: «Բարեկամությունը սահման չունի» խորագրի ներքո նպատակ ունեինք ցուցադրելու, որ բոլոր երկրները կարող են խաղաղ համագործակցել»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կրթություն կոռու» ՍՊԸ գործադիր տնօրեն Նարինե Մալախյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան 2-ից 9-րդ դասարանների աշակերտները, որոնք պոեզիայի, երգի, պարի, ավանդույթների, ծեսերի ու ազգային խոհանոցի միջոցով պատմեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Իսպանիայի մասին: Նարինե Մալախյանը հավելեց, որ կրթահամալիրի սաները պատրաստվել էին ընդամենը մեկ ամսում, իսկ բեմադրությունները մտածել էին ուսուցիչների հետ միասին:
Աշակերտները խոստովանում են՝ այս միջոցառման շնորհիվ իրենք էլ հնարավորություն ունեցան հարստացնելու սեփական գիտելիքների պաշարը:
Միջոցառումն ավարտվեց «We are the world» հանրահայտ հիթի կատարմամբ, որի ընթացքում բոլոր 6 երկրները ներկայացնող աշակերտները համախմբվեցին համընդհանուր կոչի շուրջ՝ «Մենք ենք աշխարհը ու մենք ենք ստեղծելու ավելի պայծառ օր»:
Տիկին Մալախյանն ասում է՝ կրթահամալիրի սաների համար այսպիսի միջոցաումները կկրեն հաճախակի բնույթ, քանի որ խաղաղության արժեքը երեխաների մոտ պետք է սահմանել դպրոցական տարիքից:
















