Հարյուրավոր արցախցի ընտանիքներ են գտնվում Սյունիքում առաջին իսկ օրվանից (Լաչինի միջանցքի փակման -խմբ․) և մինչ օրս Սյունիքի մարզը և կառավարությունը հոգ է տանում, որ այդ մարդիկ ապահովված լինեն գիշերակացով, առաջին անհրաժեշտության իրերով, սննդով և այլն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Ամենօրյա կապի մեջ ենք քաղաքացիների հետ, մինչ այս պահը որևէ խնդիր չի արձանագրվել, մարդիկ տեղավորված են հյուրանոցներում և անհամբեր սպասում են՝ երբ պիտի ճանապարհը բացվի, որպեսզի վերադառնան իրենց ընտանիքներին»,- նշեց նա։

Ղուկասյանի խոսքով Սյունիքում ընտանիքներից հեռու մնացած շատ երեխաներ կան․ «Մաքսիմալ փորձում ենք նրանց զբաղվածության հարցը լուծել, տարբեր միջոցառումներ կազմակերպել, որպեսզի նրանց առօրյան ավելի հետաքրքիր անցնի։ Դպրոցահասակ երեխաներին ընդունել բոլոր դպրոցները պատրաստ են, բնականաբար հաճախելիությունը ստանդարտ չէ, բայց առավելագույն պայմանները ստեղծված են՝ թեթևացնելու նրանց վիճակը»։

Լուծվում են նաև արցախցիների առողջական խնդիրները․ «Գորիսի բժշկական կենտրոնը՝ ամբողջ անձնակազմով առաջնահերթ ուշադրության կենտրոնում է պահում այս մարդկանց՝ նրանց խնդիրները լուծելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։