Ռուս խաղաղապահներից դժգոհելու հիմքեր կան, նրանք պետք է ապաշրջափակեն Լաչինի միջանցքում ճանապարհը, բայց դիվանագիտությամբ պետք է զբաղվել փակ դռների հետեւում, պետք էր հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի ղեկավարության հետ, այլ ոչ թե բղավել ու մատ թափ տալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի վրա պետք էր ճնշում գործադրել, բայց չփչացնել հարաբերությունները։ Պետք էր հարցեր ուղղել նաեւ Արեւմուտքին։

«Ուկրաինայի պատերազմի պայմաններում Ռուսաստանը Թուրքիային տեսնում է որպես սակավաթիվ դաշնակիցներից մեկը եւ մի օր կարող է հայտարարել. «Ես չեմ կռվի թուրքերի հետ, եթե դուք մեզ այդպես եք վերաբերվում, ու մի բան էլ բողոքում եք»։

Ռուսաստանը կարող է մի օր դուրս բերել իր զորքերը, եւ այդ դեպքում Արցախում ցեղասպանություն լինի։ Դա հենց խաղաղապահների գործառույթն է՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում։ ՄԱԿ-ի խաղաղապահները չեն կարողանա զսպել Ադրբեջանին ու Թուրքիային»,- նշեց փորձագետը։