Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ՄԱԿ-ի համակարգի եւ մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:
Կողմերը քննարկել են կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս առումով կարեւորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջեւ համագործակցության Ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։











