Ես կարծում եմ, որ զոհված զինծառայողների ծնողների պահանջը ճիշտ էր, որ արգելափակում էին ճանապարհը եւ փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մտնել «Եռաբլուր» պանթեոն: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը:
Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների որոշ ծնողներ դատապարտում են իրենց այդ քայլը՝ ասելով, որ «Եռաբլուրը» մենակ ձերը չէ, նա արձագանքեց. «Այդ դեպքում ես մի պաստառ եմ կպցնելու իմ որդու շիրիմի մոտ, որ թուրքերի ու նիկոլականների մուտքը շիրիմի մոտ արգելվում է: Իրենց դուր կգա, որ մի մասն այդպես անի: Ինքն իրավունք չունի մոտենա էդ զինվորների շիրիմներին, չոքի, սուտ արցունքներ թափի, սուտ ներողություն խնդրի: Մենակ ներողությունով չի: մեր ազգի խայտառակությունն է, որ 600 հազար մարդ Նիկոլ է պաշտում»:
Հարցին, թե ինչպես եք պատկերացնում ձեր պայքարի վերջը, զոհված հայրը պատասխանեց. «Վերջն այն է, որ գլխավոր մեղավորը իր պատիժը կրի։ Ինքն էր հենց ասում, որ գլխավոր մեղավորը ինքն է, դե թող իր արժանի պատիժը կրի։ Մի հատ շենքի կամ տան պատ փուլ է գալիս, մինչև չքննեն, մարդիկ չպատժվեն, այդ գործը չեն փակում, իսկ ստեղ մի ամբողջ երկիր շուռ եկավ, 5000 երեխա կոտորվեց, այդքան հաշմանդամ ունեցանք, հայրենիքից զրկվեցինք, մարդիկ գեներալի ու հերոսի կոչումներ են ստանում։ Սա աբսուրդ է, սենց մինչև ու՞ր ենք հասնելու:
Նա մինչև իր արժանի պատիժը չստանա, ճիշտ չի լինի։ Ներողություն խնդրելը շատ քիչ է։ Չնայած մինչև հիմա ես չեմ էլ լսել, որ նա անկեղծ ներողություն խնդրի։ Ես միայն գիտեմ, որ 15 երեխա կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ էր անում, աղջիկն ու կինը խանդավառության մեջ էին։ Դա ներողության բա՞ն է, Երկրում անգամ կես օրվա սուգ չհայտարարվեց: Մեր երկիրը դեռ սենց արժեքազրկված համակարգում չի եղել։ Կաշառակերներ են եղել, ամեն ինչ էլ եղել է մեր երկրում, բայց որ սենց ամեն բան արժեզրկվի, բարոյազրկվի, սենց բան չէր եղել։ Այս ամենը նրանից էր, որ հենց առաջին օրվանից հարձակվեցին հայոց պատմության ու եկեղեցու վրա։ Ամեն ինչ արժեզրկեցին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ:











