Այսօր` սեպտեմբերի 16-ին, «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաբաժնի բացման ժամանակ հյուրերին թռուցիկներ են բաժանել Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրի վերադարձման խմբի անդամները: Հիշեցնենք, որ որմնանկարներից երկուսը տեղափոխվել են Երեւան եւ տեղադրվել «Զվարթնոց» օդանավակայանում:

Թռուցիկում, մասնավորապես, գրված է.

«Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Թել են մանում» (մեկնման սրահ) եւ «Երկանք» որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների եւ աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ եւ նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ եւ այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին:  

Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն, 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել այդ եւ այլ որմնանկարների պահպանման համար, ապա մեղադրել են գյումրեցիներին` այդ որմնանկարները, իբր չպահպանելու համար, եւ դրանով հող նախապատրաստելով իրենց մշակութային թալանի համար, կառավարության որոշումներով արդեն 4 որմնանկար տեղափոխել են Երեւան, երկուսը կախել են Կառավարության տան պատերից, երկուսը` հանձնել են Զվարթնոց օդանավակայանին անհատույց եւ անժամկետ տնօրինման:

Գյումրեցիներն արդեն հինգ ամիս է պահանջում են քաղաքին վերադարձնել տարված 4 որմնանկարները, կառավարությանն ուղղված բողոքագրերի տակ ստորագրել են ավելի քան 8.000 գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ եւ աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երեւան տանելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, ու չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու եւ որմնանկարները Գյումրիում թողնելու համար:

Է.Էռնեկյանը չի պատասխանում Գյումրիի 35 հասարակական կազմակերպությունների հունիսի 29-ի նամակ-դիմումին. երեւի, իրեն միայն որմնանկարներն էին հետաքրքրում: Նա պետք է իմանա, որ օդանավակայանում կախված որմնանկարները գյումրեցիների ունեցվածքն է եւ նրանք պահանջատեր են: Նա պետք է կռահեր, որ իրեն պատիվ կբերեր այն, որ այդ որմնանկարները իր բարեգործության շնորհիվ վերականգնվեին ու թողնվեին Գյումրիում: Կառավարությունը սա չի կարողացել հասկանալ, Էռնեկյանը, գուցե կհասկանա: Թող իմանա նաեւ, որ գյումրեցիք այս ամենը որակում են որպես մշակութային թալան: Գյումրիից որմնանկարները տանելն ու «Զվարթնոցում» տեղադրելը անարգանք է քաղաքացիների եւ որմնանկարների իսկական տերերի հանդեպ: Այս ամոթալի թալանի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է: Նման բան կարող էին միայն ֆաշիստական իշխանություններն անել:

Հարգելի հյուրեր, Հայաստանը միայն Երեւանը չէ, Հայաստանը Զվարթնոց օդանավակայանը չէ եւ ոչ էլ Կառավարական տունը: Սերունդների ունեցվածքը համայնքներից Երեւան տանելով մշակութային կյանք չեն խթանում, այլ սպանում են` կշտացնելով իրենց եսը:

Այն որմնանկարները, որ դուք կտեսնեք օդանավակայանի սրահներում, մենք վերադարձնելու ենք Գյումրի քաղաք` երբ էլ լինի, ինչպես էլ լինի:

Շնորհավոր ձեր օդանավակայանի բացումը:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից`

Հասմիկ Մելքոնյան, Վահան Թումասյան, Լեւոն Բարսեղյան»: