Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Միասին» այլընտրանքային ՀԿ-ին իմ թեկնածությունը խմբակցություններին առաջարկելու համար, ի դեպ, այսօր այդ շարժումը հանրահավաք է նախաձեռնել ԱԺ-ի մոտ՝ կոչ անելու մեր հայրենակիցներին տեր կանգնել իրենց իրավունքներին, դատապարտել և հեռացնել այն հանցավոր ռեժիմը, որի պաշտոնավարման շրջանում համընդհանուր բնույթ են կրել  մարդու իրավունքների խախտումները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթի նիստ ժամանակ ասաց ընդդիմության կողմից ՄԻՊ պաշտոնի համար առաջադրված թեկնածու Էդգար Ղազարյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կոչ արեց որակումներ չտալ:

Երբ նիստը վարող Թագուհի Թովմասյանը կոչ արեց թույլ տալ, որ Էդգար Ղազարյանը շարունակի ելույթը, Հովհաննիսյանն ասաց. «Չեմ թողնելու, ի՞նչ է նշանակում հանցավոր ռեժիմ:

Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր էլ նկատեց. «Եթե մարդը եկել է ԱԺ եւ այդ ԱԺ-ն իրեն պետք է ընտրի կամ չընտրի, ի՞նչ է նշանակում հանցավոր ռեժիմ»:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Էդ որ հրապարակներում կանգնում, հեռվից միկրոֆոններով գոռում են առանց մեր դեմը կանգնելու, դա բոլորովին այլ բան է, իսկ կողքս նստած ասեն՝ հանցավոր, դա բոլորովին այլ բան է: Դուք որպես հանձնաժողովի նախագահ այնպես արեք, մոր քաղաքական որակումներ, անձնական վիրավորանքներ չհնչեն այն էլ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի կողմից: Ելույթ եք ունենում, ներկայացրեք ձեր անելիքները, գաղափարները»:

Այնուհետեւ դիմելով Էդգար Ղազարյանին, նա մատը թափ տալով ասաց. «Համը չհանես, խելոք նստի, ուրիշ բաներ լսեմ, չփոշմանես: Հրապարակներում հեռվից խոսում ես, գիտես էդ ա՞: Չփորձվես վիրավորական բան ասել: Խելոք ելույթ ունեցիր, կավարտես, կքվեարկենք, կգնաս»:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Մի փորձեք մեր նիստը վերածել ռազբորկայի: Դուքով խոսեք թեկնածուի հետ: Դուք մի սպառնացեք, դուք շատ վատ դերակատարում եք ստանձնել: Էս ի՞նչ սպառնալիք է: Վիրավորում է՝ դիմեք դատարան»:

Շարունակելով իր ելույթը Էդգար Ղազարյանը ասաց․ «Ես իհարկե գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից»։

Այս հայտարարությունից հետո իշխանականները կրկին հունից դուրս եկան. «Դո՛ւրս հրավիրեք այս մարդուն այստեղից»,- տեղից բղավեց Արթուր Հովհաննիսյանը։

«Կարո՞ղ է գիտեք այստեղ ցիրկ է, ծաղրածո՞ւ եք բերել ԱԺ»: