ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մեկնաբանել վարչապետի որդու հայտարարությունը, որտեղ նա հերքել էր, թե իր նկատմամբ որեւէ բնույթի հարձակում է եղել, մինչդեռ մեկ օր առաջ հենց Ալեն Սիմոնյանն էր գրառում արել, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել:

Հարցին, թե սա ինչ է նշանակում, նա արձագանքեց. «Սա նշանակում է, որ որեւէ բան չի փոխվել, սադրանքները… Չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի ընտանիքին պատկանող թերթում վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը  հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով. «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նա նաեւ նշել էր. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»: