Իմ ու վարչապետի միջեւ տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետն ուզում է իրենից ազատվել:
«Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,-ասաց նա:
Նշենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ նշելով, որ հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Իսկ արդեն այսօր վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ում հերքել էր, թե իր նկատմամբ որեւէ հարձակում է եղել: «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել էր Աշոտ Փաշինյանը:
Դրանից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել էր իր գրառումը:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ դուք ստել եք, Ալեն Սիմոնյանն ասաց. «Չէ, տենց բան չի նշանակում: Ես որեւիցե որակում չեմ տալու, իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում»:
Հարցին, թե ինչու եք ջնջել ձեր գրառումը, նա արձագանքեց. «Որովհետեւ ես չեմ ուզում իմ մոտ լինի բան, որն իրականության հետ խնդիր ունի: Չճշտված բան չի, գնահատականն է, որ կարծում եմ՝ տարբեր է: Ես չեմ ուզում հիմա որեւէ ձեւով հակադրվեմ կամ մեկնաբանեմ: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, քաղաքական սադրանքները կան, քաղաքական սադրանքների շարքը կա եւ դրանք կարծում եմ՝ փորձելու են շարունակել»:
Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել է գրառումը











