Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունը բռնի կերպով զավթելու հրապարակային կոչերի գործով։ Բաքվի դատարանը նրանց նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրել կալանքը։

Քննության տվյալներով՝ գործով անցնող անձինք սոցիալական ցանցերի և ինտերնետ հարթակների միջոցով տարածել են նյութեր, որոնք պարունակում էին Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և պետական իշխանությունը զավթելու, ինչպես նաև բռնության, կրոնական ատելության ու թշնամանքի հրահրման կոչեր՝ կրոնական արմատականության հողի վրա։

Քննությամբ պարզվել են յոթ կասկածյալների անունները՝ Haksöz ամսագրի և Haksöz Haber ինտերնետ-ռեսուրսի հեղինակ Ռըդվան Քայա, Köklü Değişim պարբերականի հեղինակ, Değişim TV-ի հաղորդավար Զեքարիա Ջերան (հայտնի է որպես Աբդուլլա Իմամօղլու), Analiz Merkezi ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր և Fatih Tezcan'la Analiz Merkezi ծրագրի հեղինակ Ֆաթիհ Թեզջան, Ahmet Şanlı Hukuk Bürosu-ի ղեկավար Ահմեթ Շանլը, ինչպես նաև Ֆահրեթթին Թաշքայա Սարալը, Աբդուրրահման Թումերը և Ալփարսլան Թանրըքուլուն։

Հրապարակումները տեղադրվել են սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում X, Facebook, Instagram, YouTube և TikTok սոցիալական ցանցերում, ինչպես նաև այլ ինտերնետ-ռեսուրսներում, և ուղեկցվել են կրոնա-արմատական բովանդակությամբ բազմաթիվ լուսանկարներով, տեսանյութերով և այլ նյութերով։

Բաքվի Բինագադիի շրջանային դատարանի որոշումներով բոլոր յոթ անձանց նկատմամբ հեռակա կարգով ընտրվել է խափանման միջոց՝ կալանքը, և նրանք հայտարարվել են միջազգային հետախուզման մեջ։