Աննա Հակոբյանի հայտարարած 11 հազար դասալիքների թիվը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Կարող եմ արձանագրել որպես փաստ, որ դասալիքների թիվը շատ մեծ է եղել։ Մի մոռացեք, որ արագ մասնակի զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնելուց հետո էլ իրար գլուխ չէր հավաքվում անձնակազմը։ Ունենք հազարների հասնող քրեական գործեր»,- նշեց Քոչարյանը։

Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացության մեջ դասալիքների թվին եւս անդրադարձ կլինի։

«Ի վերջո, մարդիկ պատրաստված չեն եղել, ծանուցումը եկել է, գնացել են, եւ դա շատ դեպքերում բերել է խառնաշփոթի։ Խնդիրն այն է, որ մենք չենք ունեցել պատրաստված աշխարհազոր, եթե ունենայինք, այդ 11 հազարը պատերազմի վրա կարող էր էական ազդեցություն ունենալ»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ նշել, թե ինչ աղբյուրից է Աննա Հակոբյանն իմացել դասալիքների թիվը։