Բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ում մոտ ստվերային շրջանառություն կամ հարկային պարտավորությունների խախտում հայտնաբերվի՝ անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից կամ որեւէ կապերից, Հայաստանի օրենսդրության շրջանակներում հավասար վերաբերմունք կդրսեւորվի։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Ալեքս գրուպ» ընկերությունում խուզարկությունների համար պատասխանատու է Քննչական կոմիտեն։ Պաշտոնյան պարզաբանել է, որ հայտնաբերվել են սերվերներ, որոնցում եղել են տնտեսվարող սուբյեկտների գաղտնի շրջանառություններ։ «Մեզ մեղադրում էին, որ կա «Նորզովք» սուպերմարկետների ցանցի գլխավոր մրցակիցը, որն իբր կազմակերպել է այս ամենը։ Այս ամենը մեզ մոտ ժպիտ առաջացրեց։ Ի վերջո, մենք չէին կարող այնպես անել, որ այդ սերվերում նաեւ տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընկերություններից մեկի մասին տեղեկություն հայտնվի»,- պարզաբանել է Բադասյանը։
Նա հույս է հայտնել, որ այն լրագրողները, ովքեր հայտնել են այս մասին, այժմ կկարողանան ավելի ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել իրենց ընթերցողներին եւ դիտողներին՝ նոր հանգամանքների ֆոնին:
«Կասկածներ կան նաեւ այլ տնտեսվարող սուբյեկտների մասով, որոնց մասին չեմ խոսի»,- ընդգծել է պաշտոնյան՝ վստահեցնելով, որ ՊԵԿ-ն աշխատում է առավելագույնս թափանցիկ եւ հայտնել, որ վերջերս մոտ հինգ աշխատակից կալանավորվել է կամ նրանց կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել։











