Նման մեծ ծավալի թմրանյութերի մաքսանենգությանը հիմնականում ներգրավված են լինում պետական պաշտոնյաներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Հայաստան մեկ տոննա կոկաին ներմուծելու փաստին:
«Ես չեմ ասում, որ պետական հովանավորչությամբ է դա լինում, սակայն ներգրավված են լինում պաշտոնյաներ: Դա գերշահույթ ապահովող սեւ բիզնես է, եւ եթե առաջնորդվենք նրանով, որ ինչպես մամուլում է գրված, դա մրգեր ներմուծող ընկերության սեփականատեր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է, ապա զարմանում եմ իշխանությունների վրա, որ 5 տարի այդ մարդը Հայաստանում չի բնակվում, նրան չկարողացան այստեղ պահել օրենքի սահմաններում, հիմա անգամ չեն կարողանում վերահսկել:
Մաքսանեգությունը, այն էլ թմրամիջոցների, այսօր աշխարհում բավական տարածված է, եւ ես չեմ ուզում դա ինչ-որ անձանց հետ կապել, բայց մի բան հստակ է, որ նման մեծ քանակի թմրանյութը դժվար թե նախատեսված է եղել Հայաստանի համար»,-ասաց Թարվերդյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, Թարվերդյանն ասաց. «Բարոյական չէ զոհված զինծառայողի մոր խափանման միջոց սահմանել կալանքը, քանի որ չեմ կարծում, որ այդ կինը իր որդու շիրիմը կթողնի եւ կփախչի այս պետությունից։ Թող դատական պրոցեսն իրականացնեն, բայց կալանել այդ կնոջը շատ սխալ եմ գտնում: Եթե պետք է խափանման միջոցի համար երաշխավորություն, ես դրան անձամբ պատրաստ եմ: Բոլոր քաղաքական ուժերին եմ նման կոչ անում, անգամ ՔՊ-ին, որ մեր ստորագրություններով երաշխավորենք, որ խափանման միջոցը փոխվի»,-ասաց նա:
Երվանդ Թարվերդյանը նկատեց, որ Աշոտ Փաշինյանը պարզապես երիտասարդ չէ, նա երկրի ղեկավարի որդին է, եւ նրա անվտանգությունը պետք է ապահովվեր. «Իսկ եթե նրան առեւանգեին թուրք դիվերսանտնե՞րը: Ո՞ւր էր ԱԱԾ-ն, որն ապահովում է երկրի առաջին դեմքի եւ նրա ընտանիքի անվտանգությունը: Մարդ եթե որոշում է կայացնում ղեկավարել պետությունը, նա սահմանափակումների է ենթարկում նաեւ իր ընտանիքը: Ընտանիքի անդամները չէ, որ պետք է որոշեն՝ իրենք ազատ են, «հաբռգած» են, թե ոչ: Իհարկե, նա կարող էր համեստորեն քայլել քաղաքում, բայց պետք է պարտադիր անգամ անտեսանելի նրան ուղեկցեին համապատասխան ծառայության աշխատակիցները»,-ասաց Թարվերդյանը։











