Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմեց, որ 2018-ին այդ թեմայով մի քննարկում է ունեցել ՀՀ-ում գործունեություն ծավալող գյուղոլորտի ամենահեղինակավոր ընկերության հետ, եւ իրեն ասել են, որ գոմեր տաքացնելու կարիք չկա:

«Մենք քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը եւ երբ ես բարձրացրեցի հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ոնց է լուծվելու, փորձագետներն ասացին՝ գոմերի ի՞նչ տաքացման թեմա: Աշխարհում որտեղ կա կով, որը բնական միջավայրից չի սատկում, գոմ տաքացնել հասկացություն գոյություն չունի՝ լինի հյուսիսում, թե հարավում: 21-րդ դարում աշխարհում չկա որեւէ անասնագոմ, որը տաքացվում է: Սա ես երաշխավորում եմ հղում անելով մասնագետներին: Մասնագետներն ասել են՝ ամոթ է, անասնագոմը չեն տաքացնում: Խոշոր եղջերավոր անասունների տաքությունը բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ հավելեց. «Այն կովը, որն օրական 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չի: Նման կովը տնտեսապես վնասաբեր է: Մենք ամեն տարի գալիս, ասում ենք՝ կաթի գինը ընկավ: Լավ, օգնենք մի տարի, երկու, 5-10 տարի կաթի գինը սուբսիդավորենք, 100-200 տարի: Քանի տարի սուբսիդավորենք: Մենք ուրիշ բան ենք առաջարկում, ասում ենք՝ խելացի անասնագոմ կառուցեք: Մեր թիմակիցն ասում է՝ Գեղարքունիքում ցուրտ է, ձեռք չի տալիս: Ասեք բոլորին՝ անջատեն ջեռուցումը: Ավելորդ հոսանքին փող են տալիս, դրա համար ինքնարժեքն այնքան է բարձրանում, որ տենց գին չկա աշխարհում»: