ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը բավական հաջող է ընթանում, Ռուսաստանը բարձր է գնահատում մասնակից բոլոր երկրների հետ փոխգործակցությունը եւ հարաբերություններ է հաստատում գործընկերության սկզբունքների հիման վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կցանկանայի ընդգծել, որ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջ է ընթանում իսկապես բավական հաջող»,- ասել է Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի խոսքերը վկայակոչելով՝ Ռուսաստանի նախագահը համաձայնել է այն տեսակետին, որ ԵԱՏՄ-ում «գլխավոր շահառուն Հայաստանն է», որովհետեւ «Հայաստանում տնտեսաության աճի տեմպն ամենաբարձրն է»։ Պատասխանելով Պուտինի հարցին՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երկրի ՀՆԱ աճը կազմում է 12,1 տոկոս։

«Դա, իհարկե, այսպիսի լուրջ թիվ է, շատ լուրջ»,- ի պատասխան ասել է Պուտինը։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում սերտ գործընկերությունը միավորման բոլոր անդամ պետությունների հետ, ինչը «հետեւողականորեն կազմակերպվում է փոխադարձ շահի, հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»։