Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը եւ դրա հետագա իրականացումը մեզ համար առաջնային են երրորդ երկրների հետ առեւտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում: Այս մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ Հնդկաստանի եւ Եգիպտոսի նման առաջնային եւ հեռանկարային բանակցային ուղղություններով աշխատանքի շարունակումը, ինչպես նաեւ տնտեսական օրակարգի շուրջ համալիր երկխոսության զարգացումը եւ ԱՄԷ-ի եւ Ինդոնեզիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության խորացումը լրացուցիչ խթան կհանդիսանան համաշխարհային տնտեսությանը միության ինտեգրման գործընթացին։

«Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ժամանակակից իրողություններից, մենք պետք է օպերատիվ կերպով ներդնենք երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետեւողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը»,-ասել է նա։