2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ դրան հաջորդած հրամանագրում, որը ստորագրել է Ռուսաստանի նախագահը, ավելի շատ խոսվում է Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից մոնիթորինգի, քան վերահսկողության մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Բայց ապաշրջափակման մանրամասները քննարկման փուլում են։ Մինչեւ հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասներին անցնելը Հայաստանի համար շատ կարեւոր է արձանագրել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավասության եւ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։ Դրա շրջանակներում Հայաստանը մշտապես ցուցաբերել է կառուցողականություն եւ շահագրգռված է եղել իրականացնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց։
Դեռեւս 2021 թվականի հունվարի 11-ից, երբ ստորագրվեց համապատասխան հայտարարությունը, Հայաստանն այս հարցում ցուցաբերել եւ շարունակելու է դրսեւորել կառուցողականություն, որովհետեւ մենք շահագրգռված ենք ենթակառուցվածքների եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ «հայկական խաչմերուկ» ծրագիրը լուրջ ներուժ ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր բախվում է աշխարհը։
Հայկական կողմի համար կարեւոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի ունենա ինքնիշխանության եւ իրավասության շրջանակներում»,-նշեց պաշտոնյան։











