Սյունիքի մարզը, ինչպես մյուս մարզերը, Հայաստանի ինքնիշխան տարածքներն են, եւ Հայաստանը նման բան թույլ չի տա։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե որոշ փորձագետներ կարծում են, որ Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացվում է Սյունիքը Հայաստանից անջատելու եւ թուրքերին հանձնելու համար։

Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ընթացակարգերն, ըստ նրա, ամբողջությամբ կպահպանվեն։

«Մենք ողջունում ենք գործընկերների շահագրգռվածությունն ու ցանկությունը՝ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ»,-հավելեց նա։

Նշենք, որ բացման գաղափարը հավանության է արժանացել մայիսին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպման ժամանակ: Ռուսական կողմն ավելի ուշ հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը։