Մարդու անհետացած մերձավորագույն ազգականները՝ նեանդերթալցիները, Եվրոպայում եւ Ասիայում ապրել են մոտ 40 000 տարի առաջ։
Նրանց հայտնաբերվելու պահից՝ 1880-ական թթ., փորձագետները կարծում էին, որ նեանդերթալցիներն ունեցել են մտածողության սահմանափակ ունակություններ։ Սակայն վերջերս կատարված բացահայտումը կասկածի տակ է դնում այդ գաղափարը։
Գիտնականները հայտնաբերել են նեադերթալցիների ամենահին «ժայռապատկերները», որոնք արվել են առնվազն 57 000 տարի առաջ Ֆրանսիայի քարայրներից մեկում, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։
Ժայռապատկերները հայտնաբերվել են Լա Ռոշ Կոտարում՝ հնագույն քարայրում, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1846թ.։ Մինչ այդ քարայրը փակվել էր նստվածքային լեռնատեսակներով առնվազն 51 000 տարվա ընթացքում, ինչն, ամենայն հավանականությամբ, թույլ չի տվել ժամանակակից մարդկանց մտնել քարայր։
Այն ժամանակվանից, երբ քարայրը նորից է բացվել, հնագետները հայտնաբերել են կենդանիների, աշխատանքի գործիքների մնացորդներ եւ մատնահետքեր։
Օբյեկտը գտնվում է ֆրանսիական Թուրեն շրջանում, Փարիզից 150 մղոն հարավ-արեւմուտք։
Փորձագետները կարողացել են որոշել գործիքների տարիքը, որոնք օգտագործվել են այս վայրում դրա փակվելուց առաջ, ինչը, նրանց խոսքով՝ օգնել է որոշել մի քանի ժայռապատկերների տարիքը։
Ժայռապատկերները «ամենահիասքանչն են», որ հայտնաբերվել են Լա Ռոշ Կոտարում, նշել են հետազոտության հեղինակները։
Լա Ռոշ Կոտարում հայտնաբերված մատնանշանները ցույց են տալիս «մտածված ժեստերի կազմակերպված կրկնությունը», կարծում են փորձագետները։
Չնայած փորձագետները որոշել են ժայռապատկերների տարիքն ու ծագումը, նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ իմաստ է թաքնված այդ ժայռապատկերներում։











