Վառելիքի շուկայում առաջատար, աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն հայաստանյան շուկա է մուտք գործել։ Հունիսի 29-ին տեղի ունեցավ ապրանքանիշի առաջին երկու բենզալցակայանների բացումը Արտաշատի խճուղի 6/3 եւ 15/1 հասցեներում։ Հայաստանում Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ» ընկերությունն է։
Բենզալցակայանների բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ինչպես պետական պաշտոնյաներ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, այնպես էլ ընկերության ներկայացուցիչներ արտերկրից՝ այդ թվում Shell International BV Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրի տնտեսության համար կարեւոր է համարում համաշխարհային հսկայի մուտքը Հայաստան։
«Այս ոլորտում մեր ընկերությունների մատուցած ծառայությունները չեն համապատասխանում աշխարհում ընդունված ստանդարտներին։ Shell-ի մուտքով Հայաստան մեր ընկերությունները եւս կարճ ժամանակում կբարձրացնեն իրենց ստանդարտները այս ընկերության մակարդակին։ Մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում բենզալցակայանների ոլորտը կկերպանափոխվի»,– լրագրողների հետ զրույցում նշեց Վահան Քերոբյանը։
«Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաեւ բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար։ Միջազգային փորձը, տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերությունների առաջարկները երկար ուսումնասիրելով ընտրեցինք Shell-ը։ Համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ, արդյունավետ կներազդեն մեր շուկայում որակի եւ ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար եւ ազատ»,– լրագրողների հետ զրույցում նշեց «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեւորգ Հարությունյանը։
«Մենք մեր ցանցը ընդլայնելիս հաշվի ենք առնում այնպիսի երկրներ, որոնք հեռանկարային են։ Հայաստանն այդպիսի երկիր է, քանի որ սպառողներն այստեղ ուզում են ստանալ որակյալ ապրանք։ Մենք հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։ Անհամբերությամբ սպասում ենք Shell ապանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և միջպետական մայրուղիներում»,– լրագրողների հետ զրույցում նշեց Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը։
Ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից եւ Հունաստանից, այնուհետեւ, ինչպես նշում են ընկերությունում, համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, եւ կներառվեն նաեւ եվրոպական այլ պետություններ։ Ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս, թե որ երկիրն է մատակարարը։
Հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell–ի վերջին դասի V-Power վառելիքը։ Ընկերության նորարարական այս մշակումը 100%-ով մաքրում է շարժիչի կարեւոր մասերը եւ ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power–ը միակ վառելիքն է, որին վստահում եւ որը խորհուրդ են տալիս համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ին, BMW M շարքը եւ Ducati-ին:
Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք եւ ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին եւ տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Shell-ը ներկայացված է աշխարհի շուրջ 80 շուկայում, ունի 46,000 կայան։ Այն առաջատար է նաեւ բենզալցակայաններին կից մանրածախ առեւտրի ոլորտում։ Օրական մինչեւ 32 միլիոն հաճախորդ է այցելում Shell կայաններ՝ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաեւ խմիչք եւ թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու եւ ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Shell-ի կայաններում ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք եւ ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։
Եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվող «Ռոյալ օյլ» ընկերությունը ծրագրում է Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին Հայաստանի տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։















