Հայոց պատմությունը՝ այլընտրանքային մատուցմամբ՝ ավելի հետաքրքիր ու պատկերավոր, դրվագ առ դրվագ, այնպես, որ ստիպում է մտածել, վերլուծել, հետեւաբար՝ ավելի լավ հասկանալ մեր ժողովրդի անցած ճանապարհը, պարտությունների պատճառները, հաղթանակների նախադրյալներն ու գինը։
«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմի օրինակով ուսումնամեթոդական ձեռնարկն արդեն պատրաստ է, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին եւ աշակերտներին ավելի գրավիչ ու հետաքրքիր ձեւով մատուցել Հայոց պատմություն առարկան։
Երեւանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցում Սփյուռքից վերապատրաստման նպատակով Հայաստան եկած ուսուցիչներին նախաձեռնության հեղինակները բաժանել են ուսումնամեթոդական ձեռնարկները: Ձեռնարկի տպագրությունն, ինչպես նաեւ երկու ֆիլմերի նկարահանումը իրականացվել են ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում։
Շահույթ չհետապնդող նախաձեռնությունների այս շարքը սկսել են իրականացնել 2021 թվականին, երբ ռեժիսոր Վահե Սուքիասյանը նկարահանեց «Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԱրարատԲանկը կրթությունը թիրախավորում է որպես հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը, եւ մենք մեր վաղվա օրը տեսնում ենք կրթության որակի բարձրացման միջոցով: Ի դեպ, շատ մանրամասն ներկայացված են այն բոլոր մեթոդները, որոնք ուսուցիչները կարող են կիրառել պատմության դրվագները երեխաներին մատուցելիս, եւ դրանք բավականին հետաքրքիր են»,- լրագրողների հետ զրուցում ասում է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը եւ հավելում՝ որպեսզի պատմությունը սերտող պատանիներին ֆիլմն ավելի հետաքրքիր լինի, հեղինակները պատմական դրվագները մատուցել են անիմացիոն տարբերակով։
Ֆիլմը, որն ի սկզբանե նախատեսված էր բարձր դասարանների աշակերտների համար, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ մեծահասակների շրջանում։ 45 րոպեների ընթացքում հայտնի դերասանները ներկայացնում են հայոց պատմության 5 դրվագներ, որոնք սկսվում են պարտություններով և ավարտվում փառահեղ հաղթանակներով, և որտեղ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պարտությունը վերածել հաղթանակի։ Ի դեպ, այդ 5 դրվագները շատ նման են 2020 թվականի իրադարձություններին։ Որպեսզի պատմությունը սերտող պատանիներին ֆիլմն ավելի հետաքրքիր լինի, հեղինակները պատմական դրվագները մատուցել են անիմացիոն տարբերակով։
Մի քանի տասնյակ դպրոցներում ֆիլմի հաջողված ցուցադրությունից որոշ ժամանակ անց ԱրարատԲանկը կապ է հաստատել ԿԳՄՍ նախարարության Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ՝ ֆիլմը երաշխավորելու համար։ Որոշվել է, որ ֆիլմի օրինակով պետք է մշակվի ուսումնամեթոդական ձեռնարկ, որն, ի դեպ, այս ուսումնական տարվանից կներառվի դպրոցական ծրագրերում։ 29 դասի պլան ներառող ձեռնարկը մշակել են Տավուշի մարզի 11 մենթոր ուսուցիչներ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի Հայրենագիտության բնագավառի պատասխանատու Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ։
«Ուսուցիչների հետ համատեղ մշակվեց այս հետաքրքիր ձեռնարկը, որն իրենից ներկայացնում է եւ՛ դասի պլաններ, եւ՛ ընդհանրապես ֆիլմերի դիտումը բոլոր առարկաների դասաժամերին, ինչպես կարելի է կազմակերպել, հետաքրքիր մեթոդներ, մեթոդական հնարներ, խաղեր, տեխնոլոգիաներ են ներգրավված, որ ցանկացած առարկայի ուսուցիչ կարող է կիրառել իր դասերի ընթացքում: Ֆիլմում տրված հայության հարատեւման բանալիները ձեռնարկի մեջ ավելի կենդանի են ներկայացված»,- ասում է Հասմիկ Մարգարյանը:
Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ ձեռնարկում ներկայացված մեթոդները, հնարավորություն են տալիս աշակերտներին ներգրավել ուսուցանվող նյութի մեջ՝ կոնկրետ պատմական դրվագը քննարկելու, վերլուծելու, իրենց տեսակետը ներկայացնելու միջոցով, օրինակ, գրելով ակնարկ՝ «Ի՞նչ է հայրենասիրությունը» կամ «Եթե ես լինեի Աշոտ Բ Երկաթի փոխարեն» թեմայով։
Վերապատրաստվելու նպատակով Ղազախստանից հայրենիք վերադարձած Սուսան Առաքելյանն ասում է՝ Գտնվելով օտարության մեջ միշտ էլ մենք զգացել ենք Հայոց պատմության կարիքը, որովհետեւ մենք մեր սաներին առաջին հերթին դաստիարակում ենք որպես հայ, սովորեցնում ենք հայկական այբուբենը, որպեսզի գրել ու կարդալ իմանան, կրթված լինեն։ Հայկական այբուբենի շարքում պետք է լինի Հայոց պատմությունը։ Պետք է պատմությունը լավ իմանալ, որպեսզի անցյալն իմանալով կարողանանք ապրել եւ ապագան կառուցել։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանն ասում է՝ Արարատբանկի կրթական այս նախաձեռնությունը կարեւոր է նաեւ այսօրվա իրողությունները հասկանալու տեսանկյունից։
«Ցանկացած հայ երիտասարդ պիտի հասկանա, որ իր մեջ այնպիսի արյուն կա, եւ այն ազգի արյունը կա, որը կարող է փոխել ցանկցած ընթացք, եթե դու ինքնաճանաչ ես, իսկ այս ձեռնարկի հիմնական առաքելությունը ոչ միայն սեփական պատմությունն իմանալն է, այլ պատմության միջոցով ինքնաճանաչվելն է»,- նշում է Գինոսյանն ու հավելում՝ թե՛ ֆիլմերը, թե՛ ձեռնարկը սերունդներին ցույց է տալիս պատմությունից դասեր չքաղելու հետեւանքները ու օգնում չկրկնել պատմության սխալները:











