Այսուհետ Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Երևանից։ Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ չվերթի պաշտոնական բացումը։ Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Lufthansa Cargo-ի տարածաշրջանային տնօրեն Անժելա Գիլֆանուտդինովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանոնավոր չվերթը կիրականացվի Ֆրանկֆուրտում իրենց հաբի միջոցով. «Բեռները Ֆրանկֆուրտում կվերաբեռնվեն եւ կուղեւորվեն աշխարհի տարբեր երկրներ: Այսինքն ոչ թե նույն օդանավը բեռը տեղ կհասցնի, այլ հաբում տեղի կունենա վերաբեռնավորում եւ այլ օանավերով դրանք տեղ կհասնեն:

Այս պահի դրությամբ մենք քննարկում ենք շաբաթական մեկ անգամ չվերթի իրականացումը, սակայն ես վստահ եմ, որ շուկայի ներուժն այնպիսին է, որ շատ կարճ ժամանակ անց՝ 3-4 շաբաթ, մենք կկարողանանք խոսել արդեն ավելի հաճախակի չվերթներ իրականացնելու մասին դեպի Երեւան եւ Երեւանից»,-ընդգծեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է ընտրվել Երեւանը, Անժելա Գիլֆանուտդինովան պատասխանեց. «Մենք չենք ընտրել ԱՊՀ երկրների մեջ, մենք ընտրել ենք պոտենցիալ օդանավակայանները: Այստեղ հաշվի է առնվել ոչ թե տարածքը, այլ տնտեսական շահը: Տնտեսական փոխգործակցության տեսանկյունից Հայաստանի նկատմամբ իսկապես բարձր պահանջարկ են ցուցաբերել եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի մեր գործընկերները, մասնավորապես, Հոլանդիան, Բելգիան, Գերմանիան: Մենք էլ մեր հերթին հաշվի ենք առել մեր հաճախորդների կարծիքը, տեսել ենք, որ կա նաեւ Երեւանից բեռներ տեղափոխելու պահանջարկ: Դա մեզ թույլ է տվել հաշվարկել այս չվերթի եկամտաբերությունը եւ մեկնարկել այն:

Ավիափոխադրումներն այստեղ պահանջարկ ունեն, որովհետեւ բեռների որոշակի տեսակներ կան, որոնց համար կարեւոր են արագությունը եւ հուսալիությունը, մասնավորապես, շուտ փչացող, թանկարժեք բեռները, կամ բեռները, որոնք պահանջում են արագ առաքում: Դրա համար, մենք տեսնելով շուկայի հենց այդ սեգմենտներում պոտենցիալը, որոշեցինք այս չվերթը մեկնարկել»:

Գիլֆանուտդինովայի խոսքով, իրենց ակնկալիքները հավակնոտ են, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այն լինի շահութաբեր. «Մեկ չվերթի հնարավորությունը 28 տոննա  է: Մենք կնկալում ենք, որ կօգտագործենք այդ հնարավորության 70 տոկոսը, գուցե ավելին: Ավիափոխադրումը առաջին հերթին արագություն է, իսկ արագություն ունենալու համար մենք պետք է առաջարկենք ավելի հաճախակի չվերթներ: Դրա համար առաջին թվերթը մեկնարկային է, եւ մենք համարում ենք, որ շաբաթական 2-3 անգամ թռիչքներ պետք կլինեն»,-ընդգծեց նա:

Իր հերթին Lufthansa Cargo-ի կոմերցիոն բաժնի ղեկավար Հաննո Բուվիչը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը բազմաճյուղ է, ճկուն. «Մենք վերջին տարիներին մեծ աճ ենք նկատում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանյան բեռնափոխադրումների շուկան բավական գրավիչ է։ Այդ պատճառով Lufthansa Cargo-ն Հայաստանն ընտրեց որպես Հարավային Կովկասում առաջին ուղղություն։ Մենք հիմնականում աշխատում ենք բիզնեսների հետ, մենք այստեղ մեծ թվով հայ հաճախորդներ ունենք, ունենք նաև հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր ներմուծում են Հայաստան։ Հայկական մեծ համայնք կա Լոս Անջելեսում։ Մենք մեծ թվով դրական արձագանքներ ենք ստանում Լոս Անջելեսում գործող ընկերություններից, ովքեր հետաքրքրված են բեռնափոխադրումներով Հայաստան»,- ընդգծեց նա: